ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անվտանգ երթեւեկության տասնօրյակ
Հայաստանի հանրապետության ճանապարհային ոստիկանությունը ավանդույթի համաձայն` ուսումնական տարվա սկզբին` սեպտեմբերի 1-ից 10-ը, հանրապետությունում անցկացվելու է անվտանգ երթեւեկության տասնօրյակ, որի նպատակը երեխաներին ճանապարհատրանսպորտային պատահարներից զերծ պահելն է։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, «ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում երթեւեկության մասնակիցների զգոնությունն առավել բարձրացնելու նպատակով այդ ժամանակահատվածում, անկախ օրվա ժամերից, տրանսպորտային միջոցները վարել մոտակա լուսարձակները միացրած:
Ոստիկանությունը ծնողներին եւ ուսուցիչներին հորդորում է հատկապես ցածր դասարանների երեխաներին բացատրել ճանապարհային երթևեկության տարրական կանոններն ու սովորեցնել փողոցը հատել սահմանված տեղերում, իսկ վարորդներն էլ թող առավել ուշադիր երթևեկեն դպրոցամերձ փողոցներում, երեխաների նկատմամբ լինեն զիջող և ներողամիտ:
Հրապարակվել են նաեւ 2006 եւ 2007 թվականներին սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված, մինչև 16 տարեկան երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական-համեմատական տվյալները: Այսպես, 2006 թ. սեպտեմբերի 1-ից 10-ը ՀՀ պետական վիճակագրական հաշվառման է վերցվել 47 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 13 և վիրավորվել 64 մարդ: Մինչև 16 տարեկան երեխաների մասնակցությամբ արձանագրվել է 2 ՃՏՊ, 1 երեխա մահացել է, 1-ը` ստացել մարմնական վնասվածք:
2007 թ. նույն ժամանակահատվածում ՀՀ պետական վիճակագրական հաշվառման է վերցվել 67 ՃՏՊ. զոհվել է 15 և վիրավորվել 87 մարդ: Մինչև 16 տարեկան երեխաների մասնակցությամբ արձանագրվել է 9 ՃՏՊ. մահացել է 2, վիրավորվել` 7 երեխա:
