Մեկ գործի նախաքննություն էլ ավարտվեց

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2008 թվականի փետրվարի 19-ին` ՀՀ նախագահական ընտրությունների օրը Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում գտնվող թիվ 22/37 ընտրական տեղամասի աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ըստ գլխավոր դատախազության,նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2008թ. փետրվարի 19-ին` Սամվել Գևորգյանը ներկայանալով որպես ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքներին, քաղաքացիների կողմից ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, մի խումբ անձանց հետ մուտք է գործել Վարդաձոր գյուղի թիվ 22/37 ընտրական տեղամաս, որտեղ աղմկել և նախընտրական քարոզչություն է իրականացրել հօգուտ Լ.Տեր-Պետրոսյանի: Բացի այդ, հավաքել է տեղամասում իրենց ընտրական իրավունքն իրականացնող քաղաքացիների անձնագրերը` այդպիսով խոչընդոտելով ընտրատեղամասում գտնվող քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանն ու ընտրատեղամասային հանձնաժողովի բնականոն աշխատանքին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ «ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը» եւ քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։