«Հաղորդում քրեական հանցագործության մասին»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Նախագահ Արթուր Սաքունցը «Հաղորդում քրեական հանցագործության մասին» վերնագրված հայտարարությամբ անդրադարձել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի սեպտեմբերի 4-ի հարցազրույցին։

«2008թ. սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության տնօրեն Գ.Հակոբյանը «Արմենպրեսին» տված պարզաբանումներում հայտնում է, որ «Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում կազմակերպվող հանրահավաքների և երթերի ընթացքում հնչեցնում էին քաղաքացիական անհնազանդության պատրաստ կոչեր` անկախ ընտրությունների վերջնարդյունքից»:

Տվյալ պարզաբանմամբ` ԱԱԾ տնօրենը հիմնավորում է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու որոշումը:

1. Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ԱԱԾ-ի տնօրենը հրապարակավ հայտնում է, որ զբաղվում է քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումով:

2. ԱԱԾ տնօրենը քաղաքացիական հնազանդությունը համարում է քրեորեն պատժելի արարք, որը քրեորեն հետապնդելի չէ ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլև ճանաչվում է որպես քաղաքացիների իրավունք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանի 3-րդ պարբերությամբ:

ԱԱԾ տնօրենը, փաստորեն, գերազանցել է իր պաշտոնական լիազորությունները, ավելին, չարաշահել է` դրանք օգտագործելով ընդդեմ քաղաքացիների, որը ՀՀ օրենսդրությամբ հանդիսանում է քրեորեն պատժելի արարք (ՀՀ Քր. օր-ի 316, 317 հոդված):

Սույն հայտարարությամբ

1. Որպես հաղորդում դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին քրեական գործ հարուցելու ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանի նկատմամբ,

2. Դիմում եմ ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսին եւ ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին:

ԱԱԾ տնօրենի` որպես իշխանության կարևոր օղակներից մեկի ղեկավարի կողմից քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումների հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության կողմից` որպես Եվրախորհրդի անդամ պետության պարտավորության կատարման շրջանակներում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Նախագահ Արթուր Սաքունց»