ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Առաջարկում են չճանաչել
Սետպեմբերի 9-ին եւ 10-ին հայտարարություն են տարածել «Գերագույն խորհուրդ–պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպությունը եւ «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունը։
ՀԿ–ն Երեւանում հեռախոսով օգոստոսի 20-30–ը անցկացրած հարցման միջոցով 600 քաղաքացիների կարծիքները լսելուց հետո արձանագրում է մեր քաղաքացիների 48 տոկոսը չի ընդունում ՌԴ իշխանությունների կարծիքը, թե Ռուսաստանն է մեր տարածաշրջանի անվտւանգության երաշխավորը։ 23 տոկոսը համամիտ է Պուտինի եւ Մեդվեդեւի հետ։ Հարցվածների միայն 1 տոկոսն է կարծում, որ հարկ է ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունները, 33 տոկոսը կարծում է, որ ճանաչել պետք չէ։ Հայ–թուրքական հարաբերությունների ջերմացմանը կողմ է հարցվածների 50, դեմ՝ 13 տոկոսը։
Իսկ ահա «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունը, որի ղեկավարը եւ «Գերագույն խորհուրդ–պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության ղեկավարը նույն Ռուբեն Թորոսյանն է, հայտարարում է. «Ողջունելով աբխազ և օսեթ ժողովուրդների անկախության ձգտումը, այնուամենայնիվ ստեղծված պայմաններում, Հայաստանը չի կարող ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, ինչպես նաև, պարտավոր է պաշտպանել մեր երկրի և ազգային շահերը:
Մասնավորապես, նախ, ԼՂՀ հարցում, Հայաստանը վաղուց ընդունել է միջազգային կանոնները` բանակցությունների միջոցով հասնել խնդրի կարգավորմանը, և ՌԴ կողմից հարցի ուժային նման լուծման աջակցությունը կարող է լրջորեն վտանգել ԼՂՀ խնդրի շուրջ ընթացող գործընթացներին: Երկրորդ` Վրաստանը, ոչ միայն մեր անմիջական և բախտակից հարևանն է, այլև` մեր կենսաապահովման կարևոր գործոններից մեկը:
Դատապարտելի ենք համարում նաև Հայաստանի ղեկավարության անտարբերությունը կամ խուսափողական դիրքորոշումը ստեղծված իրավիճակին: Ավելին, դեռևս, պատերազմի առաջին օրերին Հայաստանը պետք է արտահայտեր իր մտահոգությունը և գործնական մոտեցումներ ցուցաբերեր խնդրի կարգավորման ուղղությամբ:
Գտնում ենք, որ ՀԱԿ առաջիկա նիստում, Հայաստանը պետք է`
1. մերժի ՌԴ առաջարկը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման հարցում,
2. դատապարտի Հարավային Օսեթիայի խաղաղ բնակչության դեմ կատարված ոտնձգությունները և առաջարկի լուծումներ այդ բարի ու խաղաղ ժողովրդի անվտանգության ապահովման ուղղությամբ,
3. դատապարտի Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիան և ուղիներ փնտրի այդ երկրների հետագա հաշտեցման ուղղությամբ:
Հույս ենք հայտնում նաև, որ ՌԴ-ը կվերանայի գերտերությանը ոչ հատուկ իր դրսևորումները և միջոցներ կձեռնարկի, որ հարավային կովկասում հնարավորինս արագ, հաստատվի իրական և ժողովրդավարական կայունություն: Դա անհրաժեշտ է նաև իրեն` Ռուսաստանի Դաշնությանը»:
