ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը 680 միլիոն դոլարի վնաս է կրել
Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում կայացած «ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները Վրաստանի ճգնաժամից հետո» խորագրով լսումների ժամանակ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը ասել է, թե նախնական հաշվարկների համաձայն, Վրաստանում տեղի ունեցած հակամարտության հետևանքով Հայաստանի տնտեսությունը 680 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է կրել:
Շերմանը կարեւորել է Հայաստանին լրացուցիչ օգնություն հատկացնելու անհրաժեշտությունը։ «Վարչակազմը Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի հայտարարած քաղաքականության տարածաշրջանային համագործակցության ու տնտեսական ինտեգրման նպատակները վերահաստատելու կարևոր հնարավորություն ունի: Ինձ խիստ մտահոգում է, որ վարչակազմին չհաջողվեց հաշվի առնել այն ազդեցությունը, որ այս վերջին ճգնաժամը ունեցավ մեր դաշնակցի` Հայաստանի վրա: Մենք պետք է ապահովենք, որպեսզի օգնության ցանկացած փաթեթում ներառված լինի նաև Հայաստանը», -նկատել է Ներկայացուցիչների պալատի անդամը։
Եվրոպական և Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդն իր հերթին ասել է, որ լրացուցիչ օգնություն կհատկացվի, սակայն ինչ վերաբերում է դրա ծավալին, ապա նա պետք է ճշտի թիվը:
Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը պետք է վերանայի օգնության փաթեթը, որի վերաբերյալ Հայկական համագումարն անցյալ շաբաթ նամակ է հղել Կոնգրեսի անդամներին՝ մատնանշելով ճգնաժամի ազդեցությունը ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի վրա:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովն այս տարվա հուլիսին հավանության է արժանացրել Հայաստանին 2009 թ. հատկացվելիք ֆինանսական օգնությունը՝ 52 մլն դոլարի չափով և Լեռնային Ղարաբաղին՝ 8 մլն դոլարի չափով։ Բացի այդ, պահպանվել է Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնության հավասարությունը՝ յուրաքանչյուր երկրին 3-ական մլն դոլար:
