ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խաղաղության կոնդակը օդ բարձրացավ
«Պահպանիր բնությունը» բնապահպանական քարոզարշավի շրջանակներում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի բակից երկինք բաց թողնվեց «Խաղաղություն հանուն բնության» 2 մետր տրամագիծ ունեցող հելիում գազով գազավորված փուչիկ՝ «Խաղաղության կոնդակ» մակագրությամբ։ Մակագրությունը վեց լեզվով է. հայերեն, թուքերեն, պարսկերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ռուսերեն եւ անգլերեն։ Ըստ հեղինակների, սա ապացուցում է, թե բնության համար սահմաններ չկան:
Փուչիկը արձակել են «ՎիվաՍելլ» ընկերության գլխավոր տնօրեն Ռայֆ Յիրիկյանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կոնսուելո Վիդալը: Ռ. Յիրիկյանի հավաստմամբ, «այս փուչիկը կդառնա «Պահպանիր բնությունը» կոչի փոխանցողը»:
«Այժմ, այս քարոզարշավի շրջանակներում ու հետագայում էլ ամեն ինչ արվում է, որպեսզի մենք ու մեր երեխաները կարողանանք ապրել մաքուր երկրում, մաքուր քաղաքում: Իսկ ապագայում, երբ մենք կունենանք մաքուր երկիր` հիվանդությունները քիչ կլինեն: Կկարողանանք կենտրոնանալ ու մտածել ուրիշ հարցերի մասին, որոնք ավելի կենցաղային ու ավելի կարևոր են». Ասել է Ռ. Յիրիկյանը եւ նկատել, որ այսօր քաղաքը մաքուր պահելու, բնությունը պահպանելու ուղղությամբ դաստիրակությունը հասարակության մեջ բացակայում է: Յիրիկյանը նշել է, որ ականատես է եղել այնպիսի դեպքերի, երբ մարդիկ մեքենաներից զանազան անպետք իրեր են դուրս գցել` շշեր, ծխախոտի դատարկ տուփ ու վառված ծխախոտ:
Իսկ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կոնսուելո Վիդալը ասել է, որ հասարակությունը, հատկապես երեխաները հասկանում են, թե որքան մեծ է բնության պահպանության կարևորության հարցը ու թե որքան կարևոր է նրանց յուրաքանչյուրի ներդրումն այդ հարցում:
