ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեդալ չունեցանք
Այսօր Պեկինում ավարտվել են 2008 թվականի ամառային պարալիմպիական խաղերը, որին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած հաշմանդամ մարզիկները: 21 մարզաձեւերում խաղարկվեցին միանգամից 472 մեդալի հավաքածուներ:
Ամենահաջողը հանդես են եկել Չինաստանի ներկայացուցիչները, որոնք խաղերի մեկնարկից առաջին տեղում էին եւ մյուս հավաքականներին նույնիսկ մոտ չթողեցին իրենց: Չինաստանի պարալիմպիականները նվաճել են 211 մեդալ, որից 89-ը ոսկե, 70-ը արծաթե, 52-ը բրոնզե: Երկրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան է 102 մեդալով (42 ոսկե, 29 արծաթե, 31 բրոնզե), իսկ ԱՄՆ-ի հավաքականը 99 մեդալով( 36-35-28) մեդալով երրորդն է: Լավագույն տասնյակում են Ուկրաինայի, Ավստրալիայի, ՀԱՀ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Բրազիլիայի եւ Իսպանիայի հավաքականները:
Ընդհանուր առմամբ` մեդալի են արժանացել 76 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը ընդամենը մեկ մասնակից ուներ այս խաղերում: Կանանց ծանրամարտի մրցաշարում հանդես եկավ 22-ամյա գյումրեցի Գրետա Խնձրցյանը, որին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Մեդալի չարժանացան նաեւ վրացիները, իսկ Ադրբեջանը միանգամից 10 մեդալ է նվաճել պարալիմպիական խաղերում:
