Դատական նիստը հետաձգվեց

Սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարանում քննվել է Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին իր պարտականություններից բխող գործողություններ կատարել պարտադրելու պահանջի մասին։

Պահպանողական կուսակցության լրատվական ծառաությունը տեղեկացնում է, ոչ նախադեպը չունեցող այս պրոցեսի ընթացքում Կարեն Հեքիմյանը վիճարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անգործությունը մի շարք դրվագներում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Գրիգրոր Գրիգորյանցը, իր հերթին, հաղորդել է, որ Կարեն Հեքիմյանն օմբուդսմենին մեղադրում է այն բանի համար, որ երբ մարտի սկզբին Հեքիմյանին և նրա կուսակցին տարել են Հայաստանի ոստիկանության քաղաքային բաժանմունքներից մեկը և մի քանի ժամ պահել այնտեղ, օմբուդսմենը, հայցվորի կարծիքով, «պաշտպանել է ձերբակալվածներից մեկի իրավունքները, իսկ երկրորդինը` ոչ»։ Գրիգորյանցի խոսքով՝ առայժմ պարզ չէ, թե այսօր դատարանում ով է ներկայացնելու Արմեն Հարությունյանի շահերը, սակայն, ամեն դեպքում, դատարանին կտրամադրվի նամակ, որում կներկայացվի օմբուդսմենի գործողությունների մանրամասն հիմնավորումը։ ՀՀ Վարչական դատարանը Ռ. Հակոբյանի նախագահությամբ այսօր քննության առավ Կարեն Հեքիմյանի հայցադիմումն ընդդեմ Մարդու իրավունքների պաշտպանի։

ՄԻՊ-ը նամակով խնդրել էր կարճել վարույթը, սակայն դատավոր Ռ. Հակոբյանը հիմնավորեց քննությունը շարունակելու իրավաչափությունը։ Դատական նախնական նիստին ՄԻՊ-ը չէր ներկայացել։

Պարզելով հայցադիմումի պահանջի հիմքերը՝ դատավորը հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 10-ին։