Հայաստանում հաստատված անպատժելիության մթնոլորտը պետք է վերանա

Հինգշաբթի Սերժ Սարգսյանը Վճռաբեկ դատարանում ներկայացնելով դատարանի նորանշանակ նախագահ Արման Մկրտումյանին ուշագրավ ելույթ է ունեցել։

«Մենք պետք է անհանդուրժողական լինենք կոռուպցիոն երևույթների նկատմամբ, պետք է անհանդուրժողական լինենք անպատասխանատվության նկատմամբ, սեփական գործունեությանը ոչ քննադատաբար մոտենալու նկատմամբ։ Ակնհայտ է, որ արդարադատության որակը գնահատվում է բացառապես հասարակական ընկալմամբ, և եթե այս տեսանկյունից նայելու լինենք, ապա, մեղմ ասած, արդարադատության իրականացման որակը մեր երկրում խիստ կաղում է: Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր երկրում դատարանը լինի անկախ և դատավորն անկաշառ: Միայն նախագահի ցանկությամբ, միայն գործադիրի ջանքերով, նույնիսկ դրան գումարած նաև օրենսդիրների նախաձեռնությունները, ջանքերը բավարար չեն, որպեսզի մենք կարողանանք լուծել մեր երկրի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող այս համակարգի խնդիրները:

Մենք ներսից պետք է ունենանք աջակիցներ, մենք ձեր նախաձեռնությունների կարիքն ունենք եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում` օգնելու ձեզ: Դուք պետք է կարողանաք կայացնել դատական համակարգը։ Հասկանալի է, որ մեկ, տասը, հիսուն կամ հարյուր տարում անհնար է ամեն ինչը դարձնել իդեալական, բայց որ դրան պետք է ձգտենք, այստեղ կասկած լինել չի կարող: Ես նաև հասկանում եմ, որ դատարանը դժվար թե կարողանա բավարարել բոլորի ցանկությունները, հասկանում եմ, որ մշտապես կարող են լինել դժգոհ մարդիկ, բայց սա բերել որպես պատճառ և ասել, թե հասարակությունը դժգոհ է, որովհետեւ դատարանը չի կարող բավարարել բոլոր կողմերի ակնկալիքները, այսպիսի հարցադրման հետ երբեք չեմ կարող համաձայն լինել։

Ուզում եմ, որպեսզի Վճռաբեկ դատարանի դատավորները գիտակցեն իրենց պատասխանատվության աստիճանը և դերակատարության չափը, որպեսզի բոլորդ միասին օգնեք, օժանադակեք դատարանի նախագահին` նորովի նայելու անցած ճանապարհին, շարունակելու այն դրականը, որ տեսնում ենք բարեփոխումների ճանապարհին և, իհարկե, շատ պարագաներում նաև շրջադարձ կատարել, քննադատաբար վերաբերել այն նորին, որ փորձել ենք անել, որովհետև, եթե վստահության չափը չի մեծանում, դժգոհության աստիճանը չի փոքրանում, նշանակում է, բարեփոխումներն իրենց նպատակին չեն ծառայել: Մենք երբեք չպետք է կաշկանդված լինենք որևէ որոշումով, որևէ քայլով, քանի որ այդ դեպքում չենք կարող հաջողության հասնել»,- ասել է նախագահը։