Այս տարի եւս` «Վերելք Արագած»

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունն ամեն տարի սեպտեմբերի 21-ին կազմակերպում է ավանդույթ դարձած «Վերելք Արագած» միջոցառումը, որը նվիրվում է Հայաստանի Անկախության օրվան։ Բացառություն չէ նաեւ այս տարին: «Փյունիկից» տեղեկացնում են, այս տարի միջոցառումը կսկսվի սեպտեմբերի 20-ից, երբ միության 60 անդամներ և կամավորներ կմեկնեն Արագած։

Նրանք կհյուրընկալվեն Հայաստանի «ՀԱՍԿ» սկաուտական կազմակերպության Բյուրականի բազայում, օրվա ընթացքում կայցելեն տեղի պատմամշակութային հուշարձաններ։ Դեպի Արագած վերելքը կսկսվի սեպտեմբերի 21-ին. մասնակիցները կհաղթահարեն Արագածի հարավային գագաթը։

Միջոցառմանն աջակացում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը. այն միությանն է նվիրաբերել այս տարվա ապրիլին կայացած Բրիտանական ֆիլմերի 7-րդ փառատոնի ընթացքում հանգանակված գումարը։ Կազմակերպությունը խրախուսում է նաև հաշմանդամներից կազմված հայաստանյան թիմի մասնակցությունը 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Պարաօլիմպիկ խաղերին: