ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պատժի լավագույն ձեւը` խփել գրպանին
Սեպտեմբերի 28-ին նշվում է տեղեկատվության ազատության միջազգային օրը: Սեպտեմբերի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն, Հայաստանում կշնորհի տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակները. Ոսկե բանալի, եթե գերատեսչությունը լավ է աշխատել եւ ժանգոտ կողպեք, եթե վատ է աշխատել: Իսկ մինչ այդ ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հայտարարել է.
«Տեղեկատվության ազատության մասի ՀՀ օրենքն ընդունվել է ուղիղ 5 տարի առաջ` 2003 թ սեպտեմբերի 23-ին, սակայն այսօր շատ պետական կառույցներ դեռեւս չեն ցանկանում բաց աշխատել: Պաշտոնյաները հաճախ հրաժարվում են ինֆորմացիա տրամադրել` ասելով, որ կառավարությունը մինչ օրս ինֆորմացիայի տրամադրման ընթացակարգի վերաբերյալ որոշում չի ընդունել. «Այդ պատճառաբանմամբ տեղեկատվություն տրամադրել մերժել են Կապի եւ տրանսպորտի նախարարությունից, նախագահի աշխատակազմից, անգամ դատարանի որոշում ունենք, որը մերժված է կառավարության որոշման բացակայության հիման վրա: Այսօր լուրջ խնդիրներ ունենք ՏԻՄ-երի հետ, մինչդեռ սա հենց այն մակարդակն է, որ անմիջական շփման մեջ է քաղաքացիների հետ:
Թափանցիկ աշխատանքով ավելի շուտ կշահեն հասարակության վստահությունը: Ինֆորմացիայի ազատության մասին օրենքի առկայությունն անգամ չի խանգարում որոշ պաշտոնյաների մնալ վարագույրների ետեւում: Թափանցիկ աշխատելը ձեռնտու չէ, քանի որ եթե նրանք հրապարակեն համայնքային բյուջեի հաշվետվությունը, մարդիկ կկարդան ու կհասկանան, որ իրենց հարկերից գոյացած բյուջեն ծախսվում է համայնքի ավագանու անձնական շահերի համար: Փակ աշխատող պաշտոնյաների պատժելու լավագույն ձեւը նրանց գրպանին հարվածելն է: Դատական հայցում պետք է պահանջել, ոչ միայն ինֆորմացիայի տրամադրում, այլեւ որ տվյալ պաշտոնյան փոխհատուցի դատական ծախսերը, որովհետեւ եթե ինքը 100.000 վճարի դատարանին, հաջորդ անգամ նախքան մերժելը երկար կմտածի»:
