Հայաստանը բավականին կոռումպացված է

Այսօր Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպությունը հրապարակեց կոռուպցայի ընկալման համաթիվը: Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթիվը որոշելու համար Թրանսփարենսի Ինթերնեշնլ օգտվում է այլ կառույցների տվյալներից, սեփական հարցում չի անցկացնում:

Հայաստանի համաթիվը որոշվել է Զարգացման ասիական բանկի, Համաշխարհային բանկի, Ֆրիդոմ Հաուզի, Բերտելսման հիմնադրամի, Գլոբալ ինսայթ կազմակերպությունների տեղեկությունների հիման վրա: Գնահատվել է 10 բալանոց սանդղակով, 0-ն ամենակոռուպացված վիճակն է, 10-ը` ամենամաքուր: Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը է 2.9: Թրանսփարենսի Ինթերնեշնլի հակակոռուպցիոն հարցերով խորհրդատու Ամալյա Կոստանյանը այս առթիվ հայտարարել է, որ վերջին վեց տարում Հայաստանի այս ցուցանիշը տատանվում է 3-ի մատույցներում` 3.1, 2.9 եւ այլն: «Արժե իշխանություններին հարց տալ, թե ինչու է վիճակը այսպիսին», հայտարարել է Ամալյա Կոստանյանը: Իսկ ՀՀ իշխանությունները հայտարարում են թե հակակոռուցպիոն ռազմավարության իրականացման առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է եւ անցնում ենք երկրորդ փուլին: Ամալյա Կոստանյանը դժվարացել է նշել, թե ինչքան եւ ինչպես են ազդվում իշխանությունները կոռուպցիայի մասին տեղեկություններից, բայց ասել է, որ այդ տվյալների հետ իշխանությունները հաշվի նստում են: Հակակոռուպցիոն օրենսդրությունը բավականին բարձր գնահատական է ստացել` 82, իսկ ահա օրենքի կիրառումը` բավականին ցածր` 34: Մեր քաղաքացիները հայտարարել են, որ կոռուպցիա կա բոլոր ոլորտներում եւ շատ, սակայն ոչ ոք անձամբ չի առնչվել:

Ամալյա Կոստանյանը հայտարարեց, որ կոռուպցիան սկսում եւ վերջանում է քաղաքական կոռուպցիայով` ընտրություններով: «Քանի դեռ քաղաքական կոռուպցա կա հնարավոր չի կոռուպցիան վերացնել: Հնարավոր չէ մեկ ոլորտում հեղափոխություն անել, պետք է բոլոր ոլորտներում միաժամանակ գործել երեք ուղղություններով` կոռուպցիայի դատապարտում, կանխարգելում եւ կոռուպցիայի վնասների մասին կրթական ծրագրեր», հայտարարել է տիկին Կոստանյանը:

Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության կոռուպցիայից ամենամաքուր երկրներն են Դանիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Շվեդիան: Ամենակոռուպացված երկրներն են` Սոմալին, Իրաքը, Հաիթին: