Նարկոթրաֆիկ չի լինի

Անցած շաբաթ ՀՅԴ անդամ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, թե Հայաստանը զերծ է մնացել նարկոթրաֆիկից, հայ–թուրքական սահմանի փակ լինելու շնորհիվ։ Այսօր ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում Հայաստանը թմրանյութերի մաքսանենգության տարանցիկ երկիր չի դառնա. «Մենք բոլոր հնարավորություններն ու միջոցներն ունենք Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելը թույլ չտալու համար։ Այդ խնդիրն, իհարկե, մեզ մտահոգում է, բայց Իրանի հետ վաղուց բացված սահմանը Հայաստանում թմրանյութերի առքուվաճառքի աճի չհանգեցրեց»,- ասել է Ալիկ Սարգսյանը։

«Ոստիկանությունում ձևավորվում է հատուկ բաժին, որը բացառապես զբաղվելու է Հայաստանի տարածքում թմրանյութերի անօրինական առքուվաճառքի և փոխադրման դեմ պայքարի հարցերով։ Այսօր թմրանյութերի առքուվաճառքի հետ կապված մեր կողմից բացահայտված գործերի քանակն ու առանձնահատկությունները խոսում են այն մասին, որ այդ խնդիրն այնքան էլ լուրջ չէ, սակայն մենք զբաղվում ենք այդ խնդրով, և այս տարի ոչնչացրել ենք արդեն 80 կգ մարիխուանա։ Բայց ամեն դեպքում ոստիկանությունն կակտիվացնի իր աշխատանքը հայ-թուրքական սահմանի բացումից հետո», հայտարարել է Ալիկ Սարգսյանը։

Ալիկ Սարգսյանը ասել է նաեւ, որ ինքը դիտել է մարտի մեկի դեպքերի վերաբերյալ տեսաերիզը, ուր երեւում է, որ ոստիկանները դաժանաբար ծեծում են քաղաքացիներին: Ոստիկանապետի խոսքով, կան կադրեր, որոնք մոնտաժված են, կան կադրեր, որոնք ուղարկվել են ուսումնասիրության եւ դրանց առիթով ծառայական քննություն է իրականացվում այժմ, եւ կան կադրեր, որտեղ ոստիկանության ձեռքին զենք է ներկայացվում, ինչը բոլորովին էլ զարմանալի չէ, հատկապես եթե հայտնի է, որ այդ օրը դեպքի վայրում եղել են կրակոցներ, ինչն էլ պատճառ է, որ ոստիկանությունը զենք ունենար իր մոտ: Ըստ նրա, երբ հավաքված է մեծ բազմություն, երբ էմոցիոնալ ֆոնը բավական մեծ է, երբ առաջանում է ինքնապաշտպանության խնդիր, ապա դժվար է ակնկալել, որ ոստիկանը կպահպանի հանգիստ կեցվածք: Ոստիկանապետի կարծիքով, եղել են քաշքշուկներ, ինչի համար ինքը չի պատրաստվում դատի տալ որեւէ ոստիկանի:

Լրագրողները սակայն կրկին նշել են, որ խոսքը ուղղակի ծեծի մասին է, ծեծի: Ոստիկանապետն ասել է, թե կադրերի կապակցությամբ ընթանում է ծառայական քննություն եւ քննությունը կորոշի, թե մեղավորը ինչ պատասխանատվության է ենթարկվելու։ Ընդհանրապես, Ալիկ Սարգսյանն ասել է, թե նպատակահարմար եւ կոռեկտ չի համարում մարտի 1-ի մասին խոսելը, քանի որ այդ ժամանակ ինքը չի եղել ոստիկանության համակարգում: Նա միայն ասել է, թե ոստիկանության թերացումն այդ օրը համարում է դանդաղկոտությունը, ինչն էլ հանգեցրել է հետագա բարդությունների: «Ես այդպես չեմ լինի», ասել է Ալիկ Սարգսյանը։