Կենտրոնում անօրինական քվերակության դրսևորումներ և բռնարարքներ

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդները սեպտեմբերի 28-ին դիտարկել են Երևանի 206 ընտրատեղամասեր եւ այսօր հրապարակեցին իրենց դիտարկումների արդյունքները:

Ըստ կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանի, թեև սեպտեմբերի 7-ին Երևանում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո իրենց կազմակերպությունը դատապարտել է ընտրական վեճերը լուծելու բռնի մեթոդները և կոչ արել ապահովել ընտրությունների օրինականությունը և գործել հանդուրժողականության մթնոլորտում, սակայն ՏԻՄ ընտրությունների այս փուլում ևս Կենտրոնի ընտրություններում տեղ են գտել անօրինական քվերակության դրսևորումներ և բռնարարքներ:

«Դիտարկաված որոշ տեղամասերում, ցավոք, արատավոր ընտրությունների պրակտիկան իր շարունակությունը գտավ՝ ի դեմս «թաղային հեղինակություններիե, որոնք ակտիվորեն միջամտեցին ընտրագործընթացներին և որոշ ՏԸՀ–ների, որոնք երբեմն օրենքի չիմացության պատճառով, երբեմն էլ միտումնավոր չկանխեցին ընհտրախախտումները», հայտարարել է Հարություն Համբարձումյանը։

Կազմակերպության դիտորդները արձանագրել են ընտրությունների ցածր մասնակցություն և դրանից եզրակացրել, որ 2 հիմնական թեկնածուները բարձր հեղինակություն չէին վայելում ընտրողների շրջանում։

Ըստ ներկայացված արդյունքների անօրինական քվեարկության դեպքերը հետևյալն են. Նորք–Մարաշի թիվ 10/03 տեղամասում բաց քվեարկություն է կատարվել, իսկ դեպքին ականատես հանձնաժողովի անդամները չեն փորձել կանխել այն։

Կենտրոն համայնքի թիվ 10/03 տեղամասում Գ. Բեգլարայնի կոմնակիցների կողմից քվեաթերթիկների լցոնումների պատճառով վիճաբանություն է առաջացել վստահված անձանց և ՏԸՀ–անդամների միջև, ինչը վերածվել է ծեծկռտուքի; դեպքի վերաբերյալ ՏԸՀ նախագահը հրաժարվել է արձանագրություն կազմել։ Լցոնման դեպքեր արձանագրվել են թիվ 10/11, 10/53, 10/12 տեղամասերում։

Թիվ 10/53 տեղամասում մի տղայի և մի աղջկա կողմից ներս են բերվել արդեն նշագրված քվեաթերթիկները քվեարկղը լցնելու նպատակով։ Մինչ դրանք արկղը նետելը՝ ՏԸՀ նախագահը ցանկացել է անձամբ ճշտել, թե արդյոք ու՞մ օգտին են դրանք նշագրված։ Երբ քվեաթերթիկների մեջ հայնտաբերվել են ոչ միայն Գ. Բեգլարյանի, այլև Ա. Զուրաբյանի օգտին քվեարկված քվեաթերթիկներ, տեղամասում աղմկալի վեճ է ծագել։ ՏԸՀ–ում «Ժառանգություն» խմբակցությաններ ներկայացուցիչը, համոզվելով, որ իր ջանքերը զուր են, բոյկոտել է ՏԸՀ–ում իր աշխատանքը և հեռացել՝ չմասնակցելով ձայների հաշվարկին։ Տեղամասը լքել է նաև Ա. Զուրաբյանի վստահված անձը։ Նման դեպքեր արձանագարվել են նաև այլ տեղամասերում։

Թիվ 10/49 տեղամասում «թաղային հեղինակությունները» միջամտել են ընտրությունների ընթացքին, տեղամասից դուրս քարոզչություն իրականացրել, ուղեկցել ընտրողներին տեղամասային կենտրոն ու դեպի քվեարկության խցիկ, դիտարկել նրանց քվեարկությունը։ Թիվ 10/11, 10/12տեղամասերում վստահված անձանց և դիտորդներին արգելել են ազատ տեղաշարժվելով դիտարկումներ իրականացնել։

Նոր Նորքի թիվ 2/2, 2/1, 2/3, 2/19, 2/4, 2/24, 2/16, 2/17, 2/8, 2/45, Կենտրոնի թիվ 10/16, 10/21 տեղամասային կենտրոններում քվեարկության խցիկները տեղադրված են եղել այն դիրքով, որ ընտրողների քվեարկության արդյունքները դյուրին կերպով դիտարկելի են դարձել։

Ըստ կազմակերպության Կենտրոնում լցոնումները ավելի շատ էին, քան Արաբկիրի և Քանաքեռ–Զեյթուն համայնքներում ՏԻՄ ընտրությունների ժամանակ: