ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համաձայնագիր օմբուդսմենների միջեւ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ 2008 թվականի սեպտեմբերի 29- ին Երևանում, «առաջնորդվելով Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաեւ Կողմերի տարածաշրջաններում գործող օրենքներով եւ այլ նորմատիվ-իրավական ակտերով ստորագրվել է համագործակցության համաձայնագիր Սանկտ-Պետերբուրգում մարդու իրավունքների լիազոր-ներկայացուցիչ Իգոր Միխայլովի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի միջեւ»: Համաձայնագիրը կնքվել է հինգ տարով:
Ըստ նույն աղբյուրի, համաձայնագրով կողմերը իրենց իրավասության սահմաններում պարտավորվում են աջակցել ժողովրդավարական եւ իրավական պետության սահմանադրական հիմքերի ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկատվության եւ գիտելիքների տարածմանը, մարդու իրավունքների ապահովմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու դրանց իրականացմանը:
Կողմերը նպատակ ունեն համակարգել իրենց գործունեությունը մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ օրինականության եւ իրավապահության ապահովման բնագավառներում, ստեղծել համապատասխան պայմաններ Կողմերի տարածքներում գտնվող տարբեր կազմակերպությունների միջեւ ուղիղ կապեր հաստատելու, դրանք պահպանելու եւ ընդլայնելու նպատակով, ինչպես նաեւ նպաստել նրանց համագործակցության ակտիվացման գործընթացին, աջակցել համագործակցության շրջանակներում համատեղ նախագծերի, ծրագրերի եւ միջոցառումների իրականացմանը, զարգացնել նոր տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվության փոխանակման գործընթացը, համաձայնեցնել Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների այլ բնագավառները:
