Մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն, կկառուցվի նոր ճանապարհ

Վրաստանի և Հայաստանի նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին և Սերժ Սարգսյանը սահմանի մոտ մաքսային սահմանային ընթացակարգերը հեշտացնելու մասին որոշում են ընդունել, Թբիլիսիում կայացած բանակցությունների ավարտից հետո հայտարարել են երկու երկրների ղեկավարները։

«Մենք որոշում ենք ընդունել առաջիկայում հնարավորինս հեշտացնել համատեղ սահմանն անցնելու ընթացակարգը։ Վրաստանի և Հայաստանի միջև սահմանը պետք է այնպիսին լինի, ինչպես օրինակ, Շվեյցարիայի և Ֆրանսիայի կամ Գերմանիայի միջև։ Առաջիկա օրերին Երևան կմեկնի Վրաստանի կառավարական պատվիրակությունը, որն իր հայ գործընկերների հետ կքննարկի այդ հարցը», հայտարարել է Սահակաշվիլին։
Սահակաշվիլին ասել է նաեւ, որ նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել ավտոմոբիլային նոր ճանապարհ կառուցելու մասին, որը Վրաստանի Աջարական ինքնավարությունը Գոդերձիի լեռնանցքով կկապի Հայաստանի հետ։ Դրա համար կստեղծվի համատեղ ժամանակավոր խումբ՝ կոնսորցիում, որը կզբաղվի այդ նախագծի իրականացմամբ։

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը մեր տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Հայաստանը սատարեց հակամարտությունները խաղաղ լուծելու դիրքորոշմանը։ Հայաստանի այդ քայլը հավերժ կմնա վրաց ժողովրդի հիշողության մեջ», նկատել է Սահակաշվիլին՝ անդրադառնալով Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։

«Վրաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի։ Վրաստանի հետ համագործակցությունը մեզ համար մեծ նշանակություն ունի, քանի որ դրանից է կախված մեր կայունությունը։ Մեր արտաքին առևտրաշրջանառության 65 տոկոսը բաժին է ընկնում Վրաստանին։ Այստեղ են ապրում մեր քույրերն ու եղբայրները», ասել է Հայաստանի նախագահը։