ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
38 միլիոն դոլար, երեք տարի, 2600 ընտանիք
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության տվյալներով, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանցից իրենց ծագման բնակավայրեր վերադարձի ցանկություն են հայտնել ավելի քան 2600-ը:
Գործակալության պետ Գագիկ Եգանյանը այսօր խոսել է ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացած «Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանց իրենց ծագման բնակավայրեր վերադարձի կազմակերպման ծրագիրը»։
«Ծրագիրը երկու բաղադրիչ ունի: Բաղադրիչ մեկ` վերաբնակեցում, որը այդ ընտանիքների վերադարձի կազմակերպումն է, 1005 ընտանիքի` տրամադրելով որոշակի օժանդակություն տրանսպորտային ծախսերը հոգալու համար (ընտանիքի յուրաքանչյուր անդամին 45 դոլար), տրամադրելով յուրաքանչյուր ընտանիքին սերմացու, գործիքներ գնելու համար որոշակի օժանդակություն (600-ական դոլար) եւ միանվագ նպաստ (105 դոլարի կարգի): Ծրագրի 2-րդ բաղադրիչը, տների վերականգնումն է՝ սահմանամերձ բնակավայրերում շուրջ 16500 տների վերականգնում։ Սա ոչ միայն վերադարձողների համար, այլեւ նրանց, ովքեր այնտեղ ապրում են: Ծրագրով փորձելու ենք մասնակի ավերված, վթարված շենքերը վերականգնենք, ինչպես նաեւ 1694 տուն, բնակարան, որոնք ամբողջությամբ էին ավերվել, նաեւ դրանք վերականգնել: Յուրաքանչյուր ավերված տան համար նախատեսված է 7700-ական դոլար հատկացնել: Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 38 միլիոն դոլար է եւ այդ գումարները նախատեսվում է ձեռք բերել միջազգային դոնոր կազմակերպություններից: Պատկան մարմիններին հանձնարարված է բանակցել դոնոր կազմակերպությունների հետ»:
Ծրագիրը կիրականացվի երեք տարում՝ յուրաքանչյուր տարի կազմակերպելով ավելի քան 300 ընտանիքի վերադարձ։
