ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ծառայողական քննություն
ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը փորձել է պարզել, թե ինչ է արվում լրագրող Արթուր Սահակյանի շուրջ վերջին զարգացումների ուղղությամբ, որոնց արդյունքում անմեղ մարդ է սպանվել։
Այս առթիվ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը հայտարարել է, որ փաստի առնչությամբ հարուցված քրեական գործը գտնվում է ոստիկանության ենթակայությամբ` քննչական մարմինների նախաքննության ներքո: «Նախաքննության ընթացքում դեռևս չի եղել որևէ ցուցմունք կամ այլ ապացույց, որը կհաստատեր մասնակիցների կազմում համապատասխան պաշտոնատար անձի, այդ թվում նաև պատգամավորի մասնակցություն: Եթե նախաքննության ընթացքում ձեռք կբերվեն համապատասխան հիմքեր, ապա այդ հիմքով էլ կփոխվի քննչական ենթակայությունը։ Գործի նախաքննությունը գտնվում է հատուկ հսկողության տակ, տրված են կոնկրետ ցուցումներ բոլոր վարկածներով նախաքննություն իրականացնելու համար»: Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե ոստիկանները կատարված դեպքի մասին հաղորդումն ստանալուց հետո բավականին ուշացումով են եկել դեպքի վայր, ապա Գ. Դանիելյանը հավաստեց, որ ծառայողական քննություն է սկսվել` պարզելու, թե իսկապես արձագանքն ուշացե՞լ է:
