Գյումրու քաղաքապետի աթոռին հավակնում է չորս թեկնածու

Ինչպես տեղեկացնում է լրագրողների «Ասպարեզ» ակումբը, հոկտեմբերի 26-ին Գյումրիում կայանալիք քաղաքապետի եւ ավագու ընտրություններում թեկնածուների պակաս չի զգացվում։

Գյումրու Ավագանու համար առաջադրվել են 53 թեկնածու, որոնցից 10-ը Ավագանու գործող կազմից են: Թեկնածություն առաջադրած անձանցից միայն երկուսն են կին: 53-ից 10-ը ՀՀԿ անդամ է, 2-ը` ՀՅԴ, 3-ը` ՕԵԿ, 4-ը` ԲՀԿ, մեկական հոգի` ԱԺՄ, ՍԻՄ եւ Ժառանգություն կուսակցություններից են, իսկ 31-ը` անկուսակցականներ են: Իրեն որպես չաշխատող է հայտարարել 53 հավակնորդից 13-ը:

Գյումրու քաղաքապետի համար առաջադրվել են 4 հոգի. գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, 17-րդ դպրոցի տնօրեն, գործող ավագանու անդամ եւ նախկին դաշնակցական Կարապետ Ներսիսյանը ու քաղաքապետարանի բյուջեի եւ եկամուտների աղբավարձավճարների հարցերով գլխավոր մասնագետ Դանիել Դարբինյանը:

Գյումրու գործող քաղաքապետը 47 տարեկան է եւ այս պաշտոնի համար առաջադրվում է 5-րդ անգամ: Անցած ընտրությունների ժամանակ նա ստացել է ընտրողների համապատասխանաբար` 12755, 20173 (1996թ., առաջին եւ երկրորդ փուլեր), 14429 (1999թ.), 28480 (2002թ.) եւ 23350 (2005թ.) քվե: Այդ ընտրություններում պարտվել է միայն 1996 թվին: Հանրապետական կուսակցության անդամ է 2005 թվից:

Քաղաքապետի պաշտոնին հավակնորդ Մարտուն Գրիգորյանը 27 տարեկան է, անկուսակցական: 2007 թվի մայիսի 12-ի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, 34-րդ ընտրատարածքից (Գյումրու ընտրողների մոտ 48 տոկոսը), 14214 քվեով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր (մրցակիցներից Սուքիաս Ավետիսյանը ստացել էր 9546 քվե, իսկ Հրաչ Մելքոնյանը` 4212 քվե):

Կարապետ Ներսիսյանը 2005 թվին 2367 քվեով (3-րդ առավելագույն քվեն) ընտրվել է Գյումրու ավագանու անդամ, 57 տարեկան է: Միակն է, ով Գյումրու ավագանու 12-ամյա պատմության մեջ ձեռնպահ է քվեարկել: Դա եղել է մեկ անգամ, Գյումրու Անկախության հրապարակի 7 եղեւնիները հատելու մասին ավագանու որոշման ժամանակ (22 հոկտմբերի, 2007թ.):

Դանիել Դարբինյանը Ազգային Ինքնորոշում Միավորումից է, 56 տարեկան, աշխատում է քաղաքապետարանում: Գյումրիում արդեն կարծիք կա, որ նրա թեկնածության առաջադրումը կօգնի ընտրողներին չշփոթել քվեաթերթիկում քաղաքապետի թեկնածուներից առաջին երկուսի տողերը (Մ.Գրիգորյան եւ Վ.Ղուկասյան), ինչը տեղի կունենար առանց Դանիել Դարբինյանի առաջադրման: Այս առաջադրման շնորհիվ, նրա անուն-ազգանունը յուրահատուկ միջնորմի դեր կկատարի երկու հիմնական հավակնորդների անուն-ազգանունների միջեւ: