Միանում ենք ճարտարապետական ժառանգության պաշտպանությանը

ՀՀ խորհրդարանը քննարկել է «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացման հարցը։ Կոնվենցիան ստորագրվել է Գրանադում 1985 թվականին հոկտեմբերի 3-ին եւ ուժի մեջ է մտել 1987 թվականի դեկտեմբերի 1-ին։

«Հայաստանի անունից 2007 թվականի մայիսի 17-ին կոնվենցիան ստորագրել է ԵԽ-ում հանրապետության մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը։ Կոնվենցիայի համաձայն մասնակից-երկրները պարտավորվել են միջոցներ ձեռնարկել ճարտարապետական ժառանգության պահպանման առնչությամբ, և այդ միջոցների շրջանակներում հուշարձանների, համալիր շինությունների և տեսարժան վայրերի պաշտպանություն իրականացնել։ Կոնվենցիայի կողմերից յուրաքանչյուրը պարտավորվել է համապատասխան հսկողություն իրականացնել, կասեցնել պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքի վնասումը, հնացումը կամ ոչնչացումը։ վերոհիշյալ միջոցների համար կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանության տակ գտնվող հուշարձանների, համալիր շինությունների և տեսարժան վայրերի փլուզման կամ վերակառուցման առնչությամբ օրենքներ ընդունել (եթե դա դեռ արված չէ) և ներկայացնել ցանկացած պլանի իշխանության համապատասխան մարմին, ինչպես նաև դրանց հարակից տարածքների պլանները։ Նման օրենքները իշխանության պետական մարմիններին նաև իրավունք են տալիս պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջից պահանջել անհրաժեշտ աշխատանքների իրականացում, իսկ եթե սեփականատերը դա չի անում, ինքներն անել այդ աշխատանքները և պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքի ստիպողական գնում իրականացնել։ Կոնվենցիայի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է արգելել պաշտպանության տակ գտնվող հուշարձանի լրիվ կամ մասնակի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է հուշարձանի պահպանման համար», հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարարը եւ հավելել, որ փաստաթուղթը Հայաստանի համար հատուկ կարևորություն ունի։

Վերջին տվյալներով, կոնվենցիան ստորագրել է 32 պետություն, մասնավորապես, Անդորրան, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան, Շվեյցարիան։