ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանության զոհերի ժառանգները պահանջում են 30 միլիոն լիրա
Շուրջ 10 հազար ամերիկահայեր «ցեղասպանության ապահովագրության» դիմաց փոխհատուցում ստանալու համար համատեղ հայց են ներկայացրել ընդդեմ անգլիական AVIVA ապահովագրական ընկերության, հաղորդում է թուրքական «Հյուրրիեթ» թերթը։
Աղբյուրի հավաստմամբ, մինչև Հայոց ցեղասպանությունն իրենց կյանքը անգլիական AVIVA ընկերությունում ապահովագրած հայերի ժառանգների անունից հայցը ներկայացրել են լոսանջելեսաբնակ Րաֆֆի Բահջեջյանը և Նշան Փափազյանը։ Հայցվորները փոխհատուցում են պահանջում իրենց նախնիների կողմից վճարված ապահովագների դիմաց։ Աղբյուրը նշում է, որ սեպտեմբերի 18-ին հայերի կողմից ներկայացված հայցում նշված ապահովագրական փոխհատուցման գումարը կազմում է 30 միլիոն նոր թուրքական լիրա։ Թուրք-ամերիկյան միությունների ասոցիացիայի նախկին նախագահ Էրջումենթ Քըլըչն այս առնչությամբ հիշեցրել է ֆրանսիական Axa ընկերությանը ներկայացված համանման հայցը, որը «նեղ վիճակի մեջ դրեց» Թուրքիային։ Նա մտավախություն է հայտնել, որ անգլիական ապահովագրական ընկերությունը կարող է Թուրքիայից պահանջել «ցեղասպանության ապահովագրության» դիմաց փոխհատուցում վճարել հայերին։
