ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ կօգնի հայ երիտասարդներին
Այսօր Երևանում երիտասարդական քաղաքականության բնագավառում համագործակցության համաձայնագիր են ստորագրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:
Կապինոսի խոսքերով, համագործակցությունն ուղղված է քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման գործընթացներում երիտասարդության ակտիվության բարձրացմանը, մասնավորապես, երիտասարդների սոցիալական ակտիվության և պատասխանատվության բարձրացմանը որոշակի խնդիրներ լուծելիս, որոնց նրանք հանդիպում են տարածաշրջաններում։
«Ես ցանկանում եմ ողջունել տարածաշրջանային երիտասարդական կենտրոնների ցանցի ընդլայնումը, որն իրականացվում է Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից, և մենք հնարավորինս կամրապնդենք և կաջակցենք այդ կենտրոնների գործունեության ընդլայնմանը: տարածաշրջանային երիտասարդական կենտրոնների համատեքստում հիմնական ուշադրությունը դարձվելու է այդ կառույցների Վարչությունների խորհուրդների ժողովրդավարության զարգացմանը, երիտասարդ առաջնորդների բացահայտմանն ու առաջադրմանը, մարդկանց, ովքեր ընդունակ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել, ովքեր ունեն կազմակերպչական ընդունակություններ և ովքեր պատրաստ են դրսևորել իրենց որպես քաղաքացիական անձինք: Երիտասարդական տարբեր ծրագրերի իրականացման աջակցությունից բացի, ԵԱՀԿ բյուրոն նախատեսում է տարածաշրջանային երիտասարդական կենտրոններում ԵԱՀԿ անկյուններ ստեղծել: ԵԱՀԿ և Հայաստանի համագործակցության այս ուղղությունը շատ մեծ հեռանկարներ ունի, և մենք կփորձենք մեր համագործակցության ընթացքում առաջնահերթ ուշադրություն դարձնել այն խնդիրներին, որոնց հետ առնչվում է երիտասարդությունը»,- նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը։
ՀՀ սպորտի և երիտասարդություն հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն էլ նկատել է, թե 2007 թվականից երկրի բոլոր մարզերում ստեղծված երիտասարդական կենտրոնները կարողացան կորիզ ստեղծել, որի շուրջ է հավաքվում ակտիվ երիտասարդությունը։
Այդ կենտրոններում միջոցառումներ են կազմակերպվում, և տեղեկատվական, այդ թվում՝ իրավաբանական, բժշկական բնույթի ծառայություններ են մատուցվում։
«Կառավարության 2008-2012թթ. գործունեության ծրագրում արդեն կա մարզայինից համայնքային կենտրոնների անցնելու նախաձեռնությունը։ 2009թ.-ին բյուջետային ծրագրերի շրջանակներում երիտասարդական կենտրոններ կստեղծվեն չորս մարզերում»,- տեղեկացրել է նախարարը:
