ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ժողովրդավարական Հայաստան» Քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
«Ժողովրդավարական Հայաստան» Քաղաքացիական նախաձեռնության Մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է.
«Հայ Ազգային Կոնգրեսի «Ժողովրդավարական Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է նախկին ազատամարտիկ՝ Սարգիս Հացպանյանի նկատմամբ վարչախմբի կողմից իրականացված քաղաքական հետապնդման ակնհայտ դրսևորումը։
Բացարձակապես անընդունելի ենք համարում այն փաստը, որ արդեն երկրորդ անգամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանից հետո, փորձ է արվում Հայաստանից արտաքսել՝ Արցախեան գոյապայքարին իր կյանքը զոհելու պատրաստ մի հայորդու, որ եթե երեկ պայքարում էր հանուն Արցախի, ապա այսօր պայքարում է հանուն Հայաստանի ժողովրդավարացման։
Նման արարքով, այս վարչակարգը կրկին ապացուցում է, որ քաղաքական հակառակորդներից ձերբազատվելու նպատակով պատրաստ է դիմելու ցանկացած միջոցի, առանց մտահոգվելու դրա հետևանքների մասին։
Ելնելով վերոհիշյալից, պահանջում ենք անհապաղ դադարեցնել Սարգիս Հացպանյանի նկատմամբ կիրառվող քաղաքական ճնշումները, չեղյալ հայտարարել նրա արտաքսման մասին առնված անօրինական որոշումը և հանուն Հայաստանի արժանապատիվ ապագային ու միջազգային վարկին՝ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին»։
