ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատախազին մեղադրում են խաբեության մեջ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող գործերի բաժնի դատախազ Լևոն Ղազարյանի կողմից քաղաքացի Շուշանիկ Աբրահամյանի վստահությունը չարաշահելու եւ խաբեության միջոցով վերջինիս գույքին տիրանալու կապակցությամբ:
Քաղաքացի Շուշանիկ Աբրահամյանի գրավոր հաղորդման ստուգմամբ պարզվել է, որ Լ.Ղազարյանը, 2008 թվականի սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում, Շոշանիկ Աբրահամյանին խաբեությամբ հավաստիացրել և խոստացել է որոշակի նյութական հատուցման դիմաց օգնել վճռաբեկության կարգով բողոքարկելու վերջինիս նկատմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 12.09.2008թ. կայացրած մեղադրական դատավճիռը, ինչպես նաև հետաձգել նրա նկատմամբ երկու տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի կիրառումը և նույն ժամանակահատվածում, չարաշահելով Շուշակիկ Աբրահամյանի վստահությունը հափշտակել է նրանից ստացված 4000 ԱՄՆ դոլարին համարժեք 1200000 ՀՀ դրամի արժողության երկու կտավ և երկու արձանիկ:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազը 2008 թվականի հոկտեմբերի 14-ին հարուցել է քրեական գործ եւ այն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Նույն օրը, ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 30-րդ հոդվածով և 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ գլխավոր դատախազը կասեցրել է Լևոն Ղազարյանի լիազորությունները՝ մինչև քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը:
Դատախազությունը խոստանում է արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություններ հայտնել:
