Երթը խոչընդոտվել է

«Լինենք տեր մեր պետությանը» երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպությունը երեկ երեկոյան հոկտեմբերի 17-ի հանրահավաքի վերաբերյալ իրազեկման երթ է անցկացրել, որի ողջ ընթացքում ոստիկանները ուղեկցել են երիտասարդներին եւ տեղ–տեղ խոչընդոտել։ Երթի մասնակիցների հագուստներին փակցված էին քաղբանտարկյալների նկարներ։

Մաշտոցի պողոտայում գտնվող Մարգարյան հիվանդանոցի մոտ ոստիկանները փակել են ճանապարհը եւ արգելեցին շարունակել երթը` պատճառաբանելով, որ «մեր երկիրը քաղբանտարկյալների երկիր չէ», եւ որ բոլոր բողոքները պետք է ուղղվեն դատարան: Կարմիր բերետավոր ոստիկանները սկսել են քաշքշել մարդկանց: Բարձրաստիճան մի ոստիկան ասել է, որ կթույլատրի շարունակել երթն այն դեպքում, եթե վերջինիս մասնակիցները հանեն իրենց հագուստի վրա փակցված նկարները: Երկար բանակցություններից հետո երթը, այնուամենայնիվ, շարունակվել է:

Երթը ավարտվել է Հյուսիսային պողոտայում։ Այստեղ կրկին հայտնվել են ոստիկանները և սկսել ցրել հավաքված մարդկանց: Նրանք մեքենայով տարել են «Լինենք մեր երկրի տերը» ՀԿ նախագահ Արմեն Համբարձումյանին եւ մոտ մեկ ժամ անց ազատ արձակել։