ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փաստահավաք խմբին մաս կկազմեն
Ինչպես հայտնի է, մարտյան դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի անդամները հայտարարել են, որ գարնան առաջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած արյունոտ իրադարձություններն ուսումնասիրելու համար պետք է փաստահավաք խումբ ստեղծվի։
Ըստ ներկայացվածի՝ 5 հոգուց բաղկացած փաստահավաք խմբում պետք է մեկ ներկայացուցիչ ընդգրկվի նաեւ արտախորհրդարանական ընդդիմությունից։ Իր ներկայացուցիչն է ունենալու նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հայտարարել է, որ ընդդիմությունը կմասնակցի փաստահավաք խմբի ստեղծմանը։ «Մենք կմասնակցենք, բայց պետք է հստակ լինեն փաստահավաք խմբի լիազորություններն ու մանդատը։ Փաստահավաք խումբը պետք է ունենա այնպիսի լիազորություններ, որոնք թույլ կտան ամբողջությամբ պարզել մարտի սկզբին տեղի ունեցած դեպքերը»,–ընդգծել է մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ մարտի մեկի դեպքերը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու առաջարկը Լեւոն Տեր–Պետրոսյանը մերժեց։
