ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Մարդու իրավունքների պաշտպանություն» սեմինար Երեւանում
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանի կամավորական ծառայության եւ Հայաստանում Իտալիայի դեսպանության ֆինանսական օժանդակությամբ Երեւանում կազմակերպել է «Մարդու իրավունքների պաշտպանություն» թեմայով միջազգային քառօրյա սեմինար մի շարք երկրների ուսանողների համար։ Սեմինարին մասնակցում է 26 ուսանող՝ 14 երկրներից, այդ թվում նաև Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ֆինլանդիայից։
«Իրավապաշտպան թեմատիկան առանցքային է ժողովրդավարացման գործընթացում։ Անհնար է պատկերացնել ժողովրդավարացումն առանց մարդու իրավունքների գիտակցման։ Եթե երիտասարդ սերունդը ներծծի ամեն առաջատարն եւ արժեքավորը, ապա դա կդառնա հաջող ապագայի գրավականը։ մարդու իրավունքների մասին իրազեկումը և կրթումը մարդու իրավունքների պաշտպանության խթանման արդյունավետ գործիք է», – քառօրյա սեմինարի մասնակիցներին ողջունելիս ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն եւս ողջունել է սեմինարի մասնակիցներին եւ հայտարարել. «չորս օրվա ընթացքում սեմինարի մասնակիցներին հնարավորություն է ընձեռված ծանոթանալ մարդու իրավունքների պաշտպանության կառույցի նորմերին, փորձ փոխանակել և այդ թեման քննարկել իրենց երկրի օրինակի վրա։ Մարդու իրավունքներն արձանագրված են տարբեր միջազգային փաստաթղթերում, սակայն պարզ իրավական մեխանիզմներում հնարավոր չէ ապահովել նույն իրավունքների լիարժեք պաշտպանությունը։ իրավունքների պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ է խորացնել հասարակության համագործակցությունը իշխանությունների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանությունն այն չափանիշն է, որի հիման վրա որոշվում է այս կամ այն երկրի ժողովրդավարության մակարդակը։ միջազգային փորձը ցույց է տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանության զարգացած համակարգ ունեցող երկրները տնտեսական արագ աճ են գրանցում»։
