Պաշտպանը հանդուրժողականության է կոչում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների ներկայությամբ անցկացվող` հոկտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման համար կազմակերպված երթի ընթացքում տեղի են ունեցել մի շարք միջադեպեր:

Երթի ուղին ընդգրկում էր Ամիրյան-Մաշտոց-Կորյուն-Աբովյան-Թումանյան փողոցները: Մաշտոցի պողոտայում` Մարգարյանի անվան հիվանդանոցի մոտ, ՀՀ ոստիկանության աշխատակիցները փորձել են չթույատրել երթի մասնակիցներին շարունակել երթը` պահանջելով հանել հագուստների վրա փակցված մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում կալանավորված անձանց նկարները: Միայն բանակցություններից հետո Ոստիկանության աշխատակիցները թույլ տվեցին շարունակել երթը:
Երթն ավարտվեց Հյուսիսային պողոտայում, որտեղ երթի մասնակիցներին ծափահարություններով և վանկարկումներով միացան Հյուսիսային պողոտայի մերձակայքում հավաքված մարդիկ: Ոստիկանները ուժի գործադրման սպառնալիքով պահանջեցին, որպեսզի կուտակումներ չլինեն, ինչպես նաև դադարեցվեն վանկարկումները: Երթի մասնակիցները չենթարկվեցին ոստիկանների պահանջներին և շարունակեցին վանկարկել, ինչի արդյունքում ոստիկանները, շարք կանգնելով, ժամանակ առ ժամանակ Հյուսիսային պողոտայում գտնվող մարդկանց հրում էին դեպի Հանրապետության հրապարակ: Ժամը 20:00-ի դրությամբ ցուցարարների թիվը, նրանց ներկայացուցչի պնդմամբ, կազմում էր 200-300 մարդ:

Ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև միջադեպերի ընդհանուր պատկերն ամբողջացնում էին Հյուսիսային պողոտայում ներկա մի շարք կանանց` Ոստիկանության աշխատակիցներին հասցեագրված հայհոյանքները և Ոստիկանության որոշ աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ վարքագծի դրսևորումները:

Պաշտպանը կոչ է անում երթի մասնակիցներին և ՀՀ ոստիկանության աշխատակիցներին գործել օրենքի շրջանականերում, հանդուրժողականություն և հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ։