ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրա կարեւորագույն տարրերից է, Եվրատլանտյան դաշինքի հետ գործակցությունը շարունակվելու է` Հայաստանն այն դիտում է որպես իր անվտանգության բաղկացուցիչ մաս:

Ռոբերտ Սիմոնսը Հայաստանի նախագահին է փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի ողջույնները: Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ընթացքը գնահատել է շատ բարեհաջող եւ նշել, որ լավ նախապայմաններ կան հարաբերությունների զարգացման համար:

Կողմերը խոսել են նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված հարցերից: Սերժ Սարգսյանն ընդհանուր գծերով ներկայացրել է հայկական կողմի տեսակետը Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների վերաբերյալ:

Ռոբերտ Սիմոնսն ասել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում եւ պաշտպանում է Հայաստանի նախաձեռնությունն ու վճռականությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ: Այցի ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի, Ազգային ժողովի ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի եւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: