ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԻԵԴ–ին մենք չենք ծանրաբեռնում
Տեխնիկական համագործակցության գերմանական ընկերության (GTZ) աջակցությամբ իրականացված «Խորհրդատվություն Հայաստանի իրավական համակարգի ամրապնդման համար» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 13-ից 19-ը Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի պատվիրակությունը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ այցելել է Գերմանիայի և Ֆրանսիայի հանրապետություններ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը, Ստրասբուրգ մեր պատվիրակությունը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստային։
Եվրոպական դատարանի նախագահը նշել է, որ նախորդ տարի Հայաստան կատարած իր այցելության ընթացքում մի շարք օգտակար հանդիպումներ է ունեցել ոչ միայն դատական իշխանության ներկայացուցիչների, այլև երկրի քաղաքական ղեկավարության հետ։ Նրա խոսքերով, նմանատիպ այցերի միջոցով փորձ է արվում խրախուսել անդամ պետությունների իշխանություններին ընդունել այնպիսի օրենքներ, որոնք կնպաստեն երկրում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։ Ըստ Ժան Պոլ Կոստայի, Եվրոպական դատարանի դերը անդամ պետություններում Կոնվենցիայով ամրագրված սկզբունքների և իրավունքների ապահովումն է, ինչն իրականացնելու համար ոչ պակաս կարևոր են նաև ազգային դատարանների ջանքերը։ Այս պահին Եվրոպական դատարանում կան թվով 95 հազար գործեր, իսկ դիմումների քանակն աճում է, այդ իսկ պատճառով փորձ է արվում իրականացնել բարեփոխումներ նշված քանակի գործերով առավել արդյունավետ քննություն իրականացնելու համար։ Նրա խոսքերով, 95 հազար գործերի ավելի քան 55 տոկոսն ընկած է չորս պետությունների վրա, որոնք են Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան, Ռումինիան և Ուկրաինան։ Հայաստանը չի ծանրաբեռնում Եվրոպական դատարանը, քանի որ ներկայումս դատարանում ընթացքի մեջ է մոտ 800 գործ, որոնց մեծ մասը՝ մոտ 570-ը, կազմում են Ադրբեջանի հանրապետության քաղաքացիների գործերը։
Խոսելով Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների կիրառման մասին՝ Արման Մկրտումյանը ասել է, թե մեր երկրում այդ որոշումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են, և մեջբերեց մի շարք օրինակներ՝ ընդգծելով դրանց կարևորությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության գործում։
Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է նաեւ Գերմանիայի Ֆեդերատիվ Գերագույն դատարանի փոխնախագահի, նույն դատարանի քրեական և քաղաքացիական գործերով պալատների դատավորների հետ։ Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է Հայաստանում 2005 թվականին սկիզբ առած դատաիրավական բարեփոխումները և դրանց տրամաբանական ավարտի հայեցակարգը։ Ըստ Արման Մկրտումյանի՝ նշված հայեցակարգն ուղղված է երկրի դատական համակարգն առավել թափանցիկ, մատչելի և արդյունավետ դարձնելուն։
Եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ։ Հայաստանի դեմ 2002 թվականից մինչ օրս Եվրոպական դատարան են ներկայացվել 1081 դիմումներ, որոնցից 270-ն անընդունելի են ճանաչվել Կոմիտեի կողմից, 5-ը՝ պալատի կողմից, մի քանիսը հանվել են գործերի ցուցակից։
Համեմատության համար նշենք, որ Լիտվան 13 տարի առաջ է դարձել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ պետություն, 13 տարում Եվրոպական դատարանն ընդդեմ Լիտվայի կայացրել է մոտ 41 վճիռ, իսկ մոտ 9-ն էլ արդեն ակնկալվում են։ Լեհաստանից տարեկան Եվրոպական դատարան է ուղարկվում 4000 դիմում։
