ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վենետիկ հանձնաժողովը օմբուդսմենի մասին
Հուլիսի 1-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել էր ԵԽ Վենետիկի Հանձնաժողով, ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնելու խնդրանքով:
Հունիսին ՀՀ Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի՝ GRECO-ի առաջարկությունները, ներկայացրել էր օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներին զրկել իրենց պարտականությունները իրականացնելիս անձեռնամխելիության իրավունքից օգտվելու օրենքով տրված հնարավորությունից:
Հոկտեմբերի 17-18-ին ԵԽ Վենետիկի Հանձնաժողովի լիագումար նիստում հաստատվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ ԵԽ Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հանձնաժողովի կարծիքի եզրակացության մասը
«Եզրակացություն
21. Մարդու իրավունքների պաշտպանի հասատատության անձեռնմխելիության սկզբունքը` ներառյալ նրա աշխատակազմը, այս հաստատության գործունեության անկախության գլխավոր երաշխիքներից է, որը նրան հնարավորություն է ընձեռնում իրականացնել իր առանձնահատուկ դերը օրենքի գերակայությամբ առաջնորդվող ժողովրդավարական հասարակություններում: Եթե տվյալ հասարակությունում կա մի որևէ հաստատություն, որը օժտված է անձեռնմխելիության սկզբունքով, ապա Օմբուդսմանի հաստատությունը անկասկած պետք է լինի դրանցից մեկը: Քանի որ, Օմբուդսմանի առջև դրված խնդիրներից մեկը հանդիսանում է հատուկ տեսակի քննություն անցկացնելը, որը հաճախ հանգեցնում է իշխանությունների սուր քննադատությանը` ՄԻՊ հաստատությունը դառնում է քաղաքական և այլ շահերից բխող հարձակումների հավանական թիրախը:
22. GRECO-ի փորձը Հիմնարար Սկղբունքներին համապատասխանելիության հարցում, ինչպես նաև իր զեկույցները Հայաստանի մասով համահունչ չեն առաջարկվող փոփոխությանը, որով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կզրկվի իր գործնական անձեռնմխելիությունից: ՄՒՊ-ի աշխատակազմը ընդգրկված չէ այն դասակարգման մեջ, որի անձեռնմխելիությունը GRECO-ն համարում է խնդրահարույց: ՄԻՊ հաստատությունը պատկանում է այն “արդարացված պետական մարմինների” թվին, որոնք պետք է օժտված լինեն անձեռնմխելիությամբ ` ելնելով հաստատության հստակ առանձնահատկություններից և իրականացվող գործառույթներից:
23. Աշխատակազմի գործնական անձեռնմխելիությունը Պաշտպանի անձեռմխելիության տրամաբանական ընդլայնումն է: Անձեռնմխելիության վերացումը կթուլացնի Պաշտպանի հաստատության անկախությունը:
24. Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությանը և դրանից բխող անձեռնմխելիությամբ օժտված անձանց շրջանակի սահմանափակման անհրաժեշտությանը, Օմբուդսմանի հաստատության անկախության ապահովման անհրաժեշտությունը հանդիսանում է լուրջ հիմնավորում Օմբուդսմանի աշխատակազմի ներկայիս անձեռնմխելիության պահպանման համար»:
