ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բանակը քաղաքացիական վերահսկողության տակ կլինի
Հայաստանի հանրապետության Ազգային ժողովում «Պաշտպանության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը հայտարարել է, որ հայկական բանակը կմնա քաղաքացիական հսկողության տակ ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում։
«Օրենքում հստակ նշվում է, որ Գլխավոր գերագույն հրամանատարը նախագահն է, գլխավոր հրամանատարը՝ պաշտպանության նախարարը, իսկ Զինված ուժերի անմիջական հրամանատարը՝ Գլխավոր շտաբի պետը՝ որպես անձ, որն ունի բարձրագույն զինվորական կոչում։ Այս մոտեցումը կիրառվում է ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում», - ասել է Աղաբեկյանը։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հայտարարել է, որ օրինագծում կիրառված են ամենաառաջատար չափանիշները։
«Օրենքը կկարգավորի երկրի պաշտպանությանն ուղղված բոլոր հարցերը, և այն առանձնացնում է այս հարցում կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, յուրաքանչյուր պետական գործչի գործունեությունը»,- նշեց Օհանյանը։
