ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վենդետաներ Հայաստանում
Հայաստանի մի շարք քաղաքներում զինված բախումներ եղան. 4 անձ է սպանվել և մեկը վիրավորվել ուրբաթ օրը Սպիտակ քաղաքում տեղի ունեծած փախհրաձգության արդյունքում: Նույն օրը Ստեփանավանում վիճաբանության ժամանակ հրազենային վնասվածքներ են ստացել երեք մարդ, իսկ քաղաքապետը հիվանդանոց է տեղափոխվել կտրող-ծակող վերքերով: Երեւանում սպանվել է մեկ քաղաքացի։ Այս մասին խոսել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
«Վերջին 2-3 օրերին Հայաստանում տեղի են ունեցել աղմկահարույց սպանություններ, ես կասեի ծանր սպանություններ։ Ստեփանավանի դեպքի քննության արդյունքում քաղաքապետի գործողություններին գնահատական կտրվի, ավելի կոնկրետ, թե որքանով են նրա կրակոցները եղել իրավաչափ, տեղավորվո՞ւմ են դրանք, արդյոք, ինքնապաշտպանության շրջանակներում, թե՞ անհրաժեշտ պաշտպանության սահմաններն անցել են», ասել է ՀՀ ,- ասել է Աղվան Հովսեփյանը:
Սպիտակ քաղաքում տեղի ունեցածի մասին. «գործը դեռևս բացահայտված չէ, կատարողները պարզված չեն, սակայն կան վկայություններ հանցագործության հեղինակի արտաքին տեսքի հետ կապված, շարունակվում են օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողությունները: Վերջին օպերատիվ տվյալներով, հանցագործությունը կապված է քրեական աշխարհում հարաբերություններ պարզելու հետ, որի ենթադրելի պատճառը դրամական հարցերն են: Հենց առաջին օրը դեպքի վայր է ժամանել Երևանի ոստիկանության պետի տեղակալի պաշտնակատարը, իրականացվել են օպերատիվ գործողություններ, որոնք հաստատել են վերը նշված վարկածը»։
Հաջորդ աղմկոտ սպանությունը տեղի է ունեցել Երևանում, որն, ըստ գլխավոր դատախազի, մեկ այլ սպանության շարունակությունն է և ամենայն հավանականությամբ վրեժի արտահայտություն է: Նրա խոսքով, այդ հանցագործությունը կապված է 2007 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի որսորդների միության նախագահի սպանության հետ, որի հեղինակը դեռ բացահայտված չէ, թեև կան որոշակի տվյալներ:
«Վերջին տվյալներով, կան վկայություններ, որ սպանությունը կատարվել է վրեժի հիմքի վրա և ես ցավում եմ, որ մինչ օրս մեր ժողովրդի հոգեբանության մեջ, դեռ կան վրեժի տարրեր, որոնք հատուկ են ոչ միայն հայերին, այլ նաև այլ ժողովուրդների»։ Գլխավոր դատախազը կարծիք է հայտնել, որ նման հանցագործություններին նպաստել է նաև քրեական օրենսգրքից մահապատժի վերացումը: «Ես դեմ չեմ մահապատժի վերացմանը և մինչ օրս հանդես եմ եկել դրա օգտին, սակայն դա որոշակի հոգեբանություն է ստեղծել ժողովրդի մոտ»։
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին Կոմիտասի պողոտայի թիվ 48/Ա շենքի բակում կատարված սպանության առիթով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 1979 թ. ծնված Հայկ Դավթյանը և 1976 թ. ծնված Հայկազ Հակոբյանը, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հոկտեմբերի 28-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել Հայկ Դավթյանն ու ներկայացրել «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգը և «Մակարով» տեսակի ատրճանակը։ Հայկ Դավթյանը կալանավորված է։
