Հայաստան–ԵԽ համագործակցությունը կշարունակվի

Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեեն երեքշաբթի Երևանում անցկացվող «Եվրոպական հարևանության ծրագիրը 2 տարեկան է. առաջընթաց, մարտահրավերներ և ապագա» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեեն հայտարարել է, որ Եվրոպայի Խորհուրդը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ. «ԵԽ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ, աջակցել և օգնել փորձով, երկրին տրամադրել համապատասխան խորհրդատվություններ»։

Զեեի խոսքերով, ԵԽ-ում Հայաստանի անդամակցության ութ տարվա ընթացքում իրագործվել են բազմաթիվ բարեփոխումներ, մասնավորապես, վերանայվել է ներպետական օրենսդրությունը, և օրենքները համապատասխանեցվել են ԵԽ-ի չափանիշներին։ Սակայն, ինչպես կարծում է ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, կարևոր է ոչ այնքան օրենսդրության բարեփոխումը, որքան իրավակիրառական պրակտիկան։ Ինչպես ավելացրեց Զեեն, Հայաստանը դեռևս պետք է անդրադառնա օրենքների կիրառման պրակտիկայի բարեփոխման հարցին։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն իր հերթին նշեց, որ ԵԱՀԿ-ն ևս պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ և օգնություն ցուցաբերել ԵԽ-ի ծրագրերի իրագործման գործում։ Ինչպես նշեց դեսպանը, և ԵԱՀԿ-ն, և ԵՄ-ն, և ԵԽ-ն ունեն նույնանման նպատակներ՝ աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։
Կապինոսը տեղեկացրեց, որ 2008 թվականը Հայաստանի համար հեշտ տարի չէր, ինչը կարող էր որոշակի խոչընդոտներ ստեղծել երկրի ժողովրդավարական զարգացման համար, որոնց հաղթահարման գործում պետք է օգնի միջազգային հանրությունը։
«Մեզ անհրաժեշտ է կայուն, ժողովրդավարական Հայաստան, որը չունի խնդիրներ, որը կաջակցի հարևան երկրների և ընդհանուր առմամբ տարածաշրջանի անվտանգությանը», - ավելացրեց Կապինոսը։
2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում, Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 7-րդ լիագումար նիստի ընթացքում ընդունվել և ուժի մեջ է մտել «Նոր հարևանություն» ծրագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ գործողություների հնգամյա ծրագիրը:
Եվրամիությունը ծրագրում էր տրամադրել Հայաստանին 100 մլն. եվրո՝ առաջնահերթությունների և Հայաստան-ԵՄ համագործակցության միջոցառումերի ծրագրերի իրականացման համար: