ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանդիպում ցմահ ազատազրկվածների հետ
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին Հայաստանի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը հանդիպել է մահապատժի դատապարտված, հետագայում մահապատիժ պատժատեսակի վերացման արդյունքում զմահ ազատազրկում կրող Ստեփան Գրիգորյանի, Արմեն Տեր-Սահակյանի, Արմենակ Մնջոյանի եւ Արսեն Արծրունու հետ: Դատապարտյալները հանդիպման ընթացքում ներկայացրել են իրենց դժգոհությունները` կապված մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխելու հետ:
Վերջիններս հայտնել են, որ իրենք վիճարկում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003թ. օգոստոսի 30-ի հրամանագրով իրենց ներման հիմքով ցմահ ազատազրկում սահմանելը: Ըստ դատապարտյալների, դա հանդիսացել է Հայաստանի Սահմանադրության, միջազգային փաստաթղթերի և ներպետական օրենսդրության խախտում:
Նախարարը պարզաբանել է, որ Հայաստանի նախագահի հրամանագիրը եղել է ոչ թե օրենսդրության փոփոխության հիման վրա պատժատեսակի փոխարինման վերաբերյալ իրավական ակտ, ինչը և կլիներ անիրավաչափ, այլ դատապարտյալներին շնորհվել է ներում: Նախարարը պարզաբանեց նաև, որ դատախազը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսքրգի 52-րդ հոդվածի 2-րդ մասով, նախկինում մահապատժի դատապարտված անձանց վերաբերյալ դատական կարգով չվերանայված դատական ակտերը վերանայելու նպատակով, համապատաuխան միջնորդություն է ներկայացրել դատարան: Պարզաբանվեց նաև, որ ցմահ ազատազրկումը մահապատժի հետ համեմատ մեղմ պատժատեսակ է, ինչը հաստատվում է նաև միջազգային մի շարք փաստաթղթերով, իսկ օրենքի փոփոխությունները, որոնք հանգեցրել են պատժի մեղմացման, ունեն հետադարձ ուժ:
Դատապարտյալները նախարարին ներկայացրել են նաև մի շարք առաջարկներ կապված քրեակատարողական հիմնարկի պայմանների հետ, որոնց վերաբերյալ նախարարը հայտնել է, որ կքննարկվեն բոլոր առաջարկները և կկայացվեն հիմնավորված որոշումներ:
