ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
29 մարդ դեռ հիվանդանոցում է
ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 1-ի դրությամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժօգնություն է ստանում 26 հիվանդ, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել անորակ ջրից առաջացած աղեստամոքսային ինֆեկցիայի հատկանիշներով։ Իսկ Ալավերդու բժշկական կենտրոնում վեց հիվանդից երեքն արդեն դուրս են գրվել։
Համաձայն տեղեկատվության, ձեռնարկված բոլոր կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի քաղաքների բնակիչների զանգվածային վարակի պատճառն անորակ ջուրն է եղել: Վարակման առաջին դեպքը Լոռու մարզում գրանցվեց հոկտեմբերի 18-ին։ Հոկտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում աղեստամոքսային ինֆեկցիայի հատկանիշներով բուժօգնության է դիմել Լոռու մարզի 341 բնակիչ։
Վարակման փաստով քրեական գործ է հարուցվել 277-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սանիտարահակահամաճարակային կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկանց զանգվածային հիվանդացություն կամ թունավորում):
