ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Աղմկոտ սպանությունների մասին
Հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած մի շարք աղմկահարույց սպանությունների և հանցագործությունների մասով ընթացող նախաքննությունների մասին այսօր պարզաբանումներ է տվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։
Հանցավորության վիճակը բավական նորմալ է, օպերատիվ վիճակը լրիվ վերահսկվում է։ Հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կատարվում են աշխատանքներ և նախաքննության շահերից ելնելով՝ չեմ կարող լրագրողներին հետաքրքրող մանրամասները հայտնել։ «Օդնակլասնիկի» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին։ Կան երեք կալանավորվածներ, ոստիկանություն են հրավիրվել և ցուցմունքներ են տվել միջադեպին առնչվող պատգամավորներ Լևոն Խաչատրյանն ու Լևոն Սարգսյանը։ Նրանց երկուսի ցուցմունքներում բազմաթիվ հակասություններ կան, ուստի նախաքննությունը շարունակվում է՝ պարզելու համար իրականությունը։
Վարդենիսի օպերլիազոր Սամվել Խաչատրյանը, ով անհետ կորել էր և հայտնաբերվել էր հրազենային վնասվածքներից մահացած, որևէ ծանր հանցագործության քննություն չի ունեցել իր վարույթում, ինչի հետ կարելի է կապել նրա սպանությունը։ Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի հետ օպերլիազորը խնդիրներ չի ունեցել։ Այս մասով ևս նախաքննությունը շարունակվում է։ Ոստիկանության օպերլիազորը սեր է ունեցել ալկոհոլի հետ, ինչպես նաև՝ բազմաթիվ չմարած պարտքեր։
Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած հարձակման մասին։ Արմեն Ավետիսյանն այդ օրը տանը չի եղել, և նրա բնակարանից էլ տարել են ոչ թե մի քանի սեփականության վկայականներ, այլ ընդամենը մեկը։
Ստեփանավանի քաղաքապետի արարքների մասին։ Քաղաքապետի վիկինգ ատրճանակից հրազենային վնասվածք ստացած Արմեն Գրիգորյանի նկատմամբ մեղադրանք է առաջարդվել, իսկ քաղաքապետն էլ ապաքինվում է։
«Ծղոտներ» համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել և հետախուզում է հայտարարվել վնասվածք ստացած Վալերի Պողոսյանի որդուն՝ Վինի մականվամբ հայտնի Արթուր Պետրոսյանի նկատմամբ։ Ինչ վերաբերում է «Տոչկա» դիսկոտեկում պատահած միջադեպին, որի հեղինակն, ըստ մամուլի լուրերօ, նախագահ Սարգսյանի եղբոր Սաշիկ Սարգսյանի որդին է եղել, ապա այդ հանգամանքները դեռ պարզվում են։ Արթուր Կոնջոյանին աչքի վնասվածք պատճառած Սաշիկ Սարգսյանի որդին անպայման կհրավիրվի և ցուցմունք կտա։ Եթե կան անուններ, հիշատակված անձինք, ապա նրանք հրավիրվում և ցուցմուքներ են տալիս»։
