ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նոր նախաձեռնություն. «Խաղաղության ջահակիրներ»
«Կանայք հանուն խաղաղությյան» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Մարտրիոսյանը համախոհների հետ սկսել է «Խաղաղության ջահակիրներ» քաղաքական նախաձեռնությունը։ Նախաձեռնությունը անդրադարձել է մոսկովյան Հռչակագրին։
«Ղարաբաղյան հարցի կարգավորումը մտել է վերջնափուլ: Վերջին շնչում, արդեն վաղուց իր թափը կորցրած և Հարավային Կովկասից հեռացող Ռուսական կայսրությունը ի±նչ էր անում 1994 թվականի զինադադարից հետո, երբ իրեն էր վերապահել ԼՂՀ հայանպաստ կարգավորման հարցը: Ռ. Քոչարյանի վարած քաղաքականության արդյունքում ոչ միայն բարդացել է ԼՂՀ կարգավորման հարցը, այլև դրածոի և իրավահաջորդի ապաշնորհության պատճառով վտանգվել է նաև Հայաստանի անկախությունը: Բռնատիրական ամբողջատիրական իշխանության օրոք ձևավորված վախի և ստրկամտության մթնոլորտում թվում էր, թե մեծ դեգրադացիա է ապրում Հայաստանի ամբողջ բնակչությունը, բայց վերջին մեկ տարին ժողովուրդը քաղաքացիական պայքարով ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանել ապրելու իր իրավունքները, իրավունք ունի զարգանալու աշխարհի ժողովուրդների հետ և հասկանում է, թե ինչ է ուզում:
Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները գործընթացը կարգավորելու ակտիվություն են ցուցաբերում: Հարավային Կովկասում իրականանալիք գլոբալ և տարածաշրջանային ծրագրերը փոխզիջում են պարտադրում մրցակցող հին և նոր աշխարհների միջև: Վրաց-օսական պատերազմից հետո Արևմուտքի փաստացի առաջխաղացումը և եվրոպա-ռուսական չմարող հավակնությունները ի վերջո գտնելու են փոխշահավետ լուծումներ: Բացառելով նոր բախումների գնալու ռիսկերը գլոբալ փոխզիջումը ուղղակի պետք է անդրադառնար հայ-ադրբեջանական բանակցային ընթացքի վրա և այն իր հերթական արտահայտությունը գտավ նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագրում:
Կովկասյան տանը խաղաղություն հաստատելու բնական մտահոգությամբ, հայ ժողովրդի մեծ մասի` խաղաղության կողմնակիցների անունից հայտարարում ենք.
Խնդրի արդար և արագ կարգավորումը հնարավոր է և ցանկալի, քանի որ
1. Հայ ժողովուրդը իր կենսատարածքում ապրելու, ստեղծագործելու, աշխարհի հետ ներդաշնակ զարգանալու գիտակցումն ու ներուժն ունի, և ճակատագրական սխալ կլինի հայաբնակ տարածքները բռնակցել արևելյան բռնապետությանը:
2. ԼՂՀ ժողովուրդը բացառիկ իրավունք ունի ինքնուրույն որոշել ԼՂՀ կարգավիճակը հենց այսօր:
3. ԼՂՀ ժողովրդավարական սկզբունքներով ձևավորված ներկայացուցչական իշխանությունները կարող են և պարտավոր են մասնակցել բանակցային ընթացքին որպես լիիրավ կողմ:
4. Ոչ մի թիզ անգամ չի զիջելու ժողովուրդը: Ինչպես Հայաստանի և ոչ մի նախագահ չի կարող ծախել հայաբնակ հողերը, այնպես էլ ոչ մի օտար չի տարանջատելու երկու պետություններում ապրող, սակայն նույն էթնոսին պատկանող և միևնույն մշակույթն ունեցող ժողովուրդներին, չի վիճարկելու, թե ովքեր և որտեղ պետք է ապրեն:
5. Կարգավորման ցանկացած հանգրվանում մեր սրտերը բաց են բարի մտադրություններ ունեցող բոլորի համար` անկախ ազգությունից և դավանանքից»։
