ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը, Սույն թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը։
Մասնավորապես, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում կայացավ ՀՀ Արդարադատության խորհրդի` ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր անդամի ընտրությունը, որի արդյունքում Արդարադատության խորհրդի անդամ ընտրվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանը:
Ընդհանուր ժողովում ի թիվս այլ հարցերի՝ քննարկվեցին և հավանության արժանացան Հայաստանում դատաիրավական բարեփոխումների տրամաբանական ավարտի հայեցակարգը, ինչպես նաև դրա իրականացումն ապահովող օրենսդրական փոփոխությունների նախագծերը, որոնք մինչ այդ քննարկվել էին ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի և ՀՀ դատավորների միության խորհրդի նիստերում։
ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՆՔ
Դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործում է ինքնակառավարման սկզբունքի հիման վրա։ Դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է, որի որոշումները գերակա են Դատարանների նախագահների խորհրդի որոշումների նկատմամբ։ Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից։ Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն մեկ անգամ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից։ Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների առնվազն 1/3-ի, Դատարանների նախագահների խորհրդի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից։
