ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
3-րդ ձեւի համար գումար մի վճարեք
Հայաստանի Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանն այսօր լրագրողներին հայտնել է, թե Հայաստանի քաղաքացիներին անձնագրեր տրամադրելու համար, համաձայն համապատասխան նորմատիվ ակտերի, սահմանված է հնգօրյա ժամկետ:
Նա ասել է, որ անձնագիր ստանալու համար սահմանված է պետական տուրք՝ 1000 դրամի չափով։ Անձնագրեր կարող են տրամադրվել ավելի կարճ ժամկետներում, լրացուցիչ վճարի դեպքում. եթե անձը ցանկանում է անձնագիրը ստանալ 1 օրում, ապա պետք է վճարի 20 000 դրամ, 4 օրվա ընթացքում՝ 10 000 դրամ, 5-րդ օրը սպասելու դեպքում անձնագիրը տրվում է անվճար։
Համատիրություններից 3-րդ ձևի համար 1000 դրամ վերցնող տեսուչների մասով փոխոստիկանապետն ասաց, որ եթե որևէ տեսուչ կամ պաշտոնտար անձ այդ փաստաթղթի համար գումար պահանջի, ապա իրեն տեղյակ պահելու դեպքում տվյալ տեսուչը կպատժվի։ Մհերյանը նաև նշել է, որ այլ տիպի անօրինական գումարներ կորզելու դեպքում ոստինաությունում գործող թեժ գծի միջոցով (52-65-72) պետք է տեղեկացնել համապատասխան մարմիններին։
Փոխոստիկանապետը նաև տեղեկացրեց, որ այժմ իրենց անձնագրային բաժինների տեսուչները, այդ թվում՝ մարզերի, վերապատրաստում են անցնում, որպեսզի կարողանան տեխնիկայից օգտվել, նրանց տրամադրվում են սկաներներ և համակարգիչներ, որպեսզի 2 շաբաթվա ընթացքում անձնագրային փաստաթղթերն ուղարկեն կենտրոն։
Անդրադառնալով իրենց աշխատանքային լիազորությունները չարաշահած տեսուչներին՝ փոխոստիկանապետն ասաց, որ կան հարուցված քրեական գործեր օդանավակայանի աշխատակիցների նկատմամբ, Ջերմուկում նույնպես անձնագրային բաժնի պետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Գևորգ Մհերյանի խոսքով՝ ռոտացիոն կարգով այսօր 60-70 տոկոսով հանարպետությունում փոխվել են անձնագրային բաժինների պետերը, իսկ թե քանիսն են աշխատանքից հեռացվել, այդ մասին փոխոստիկանապետը չի ճշտել։
