Համերաշխություն աշխատավորների հետ

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը աշխատավորների իրավունքների խախտման տարատեսակ դեպքերի վերաբերյալ հայտարարություն է տարածել։

«Արդեն մի քանի օր է, ինչ իրենց իրավունքների պաշտպանության համար ոտքի են կանգնել Ագարակի և Կապանի հանքարդյունաբերող կոմբինատների աշխատակիցները։ Պատճառը, կարծես թե, նույնն է։ Աշխատավորները պահանջում են վերջ տալ այն ապօրինի գործողություններին, որոնց միջոցով տնօրինությունը ցանկանում է կրճատել աշխատավարձները, հարկադիր արձակուրդի և թոշակի ուղարկել հարյուրավոր բանվորների։ Սրան զուգահեռ, բացարձակ լկտի գործողություններ են տեղի ունենում տաքսիստների նկատմամբ։ Համարելով նրանց մեր երկրի առաջին և վերջին ստվերային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները` պատկան մարմինները որոշել են փրկել հանրությանը »ոչ բարեխիղճ« հարկատուներից և գանձել նրանց դառը քրտինքով վաստակած վերջին կոպեկները։ Ի դեպ, գործող իշխանությունների նախընտրական ծրագրերի մեջ էր մտնում և ամեն օր թմբկահարվում էր աշխատատեղերի ստեղծման սին կետը, որը, ինչպես պարզվեց, լոկ նախընտրական բլեֆ էր։ Տաքսու վարորդներին անձամբ Սերժ Սարգսյանն էր խոստացել լուծել այս խնդիրը, սակայն, ինչպես երևում է, նախագահ դառնալուց հետո, մոռացավ իր խոստման մասին։ Ինչևիցե, Ս.Դ.Հնչակյան կուսակցությունը համարում է, որ վերոնշյալ խնդիրների հիմնական պատճառը ոչ միայն տնօրինության վարած քաղաքականությունն է, այլ նաև արհմիությունների խամաճիկությունն, իսկ ավելի ճիշտ` նրանց բացակայությունն է։ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր սոցիալական իրավունքների պաշտպանության համար ոտքի կանգնած հայ աշխատավորին»։