Հայաստանը վավերացրել է ՄԻՊ ակտերի մեծ մասը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նոյեմբերի 10-11-ը մասնակցել է Լվով քաղաքում կայացած Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի պետությունների դատախազների տարածաշրջանային «Դատախազը եւ մարդու իրավունքները» թեմայով համաժողովին։ ՀՀ գլխավոր դատախազը նաեւ ելույթ է ունեցել եւ հայտարարել, որ Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային ակտերի մեծ մասը։

«Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային ակտերի մեծ մասը, որոնք մեր Սահմանադրության համաձայն դարձել են հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը։ Մի շարք փաստաթղթեր, որոնք դատախազական գործունեության միջոցով ապահովում են քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ընդունվել են նաև ԱՊՀ մասնակից-երկրների Գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կողմից, այդ թվում նաև Հայաստանի դատախազության առաջարկությամբ։ Դա վերաբերում է հատկապես թրաֆիկինգի դեմ պայքարի, անչափահասների, իրենց պետության սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովման հարցերին։ Մեր հանրապետության դատախազությունն իր գործունեության ընթացքում առանձնահատուկ նշանակություն է տալիս այլ երկրների դատախազների հետ միջազգային-իրավական կապերի ամրապնդմանը հանցավորության դեմ պայքարի գործում և մարդու իրավունքների ու հանրային շահերի պաշտպանության հարցում։ Իրավական փոխադարձ օգնության վերաբերյալ երկկողմ պայմանագրեր Հայաստանի դատախազությունը կնքել է շատ պետությունների կոլեգիալ մարմինների հետ։ Հայկական կողմը պատրաստ է գործարար հարաբերություններ պահպանել և էլ ավելի սերտ համագործակցել ոչ միայն Եվրոպայի և Ասիայի երկրների և այլ երկրների դատախազությունների հետ, այլ նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ, ինչը կարող է ապահովել մոտեցումների միասնություն իրավախախտումների դեմ պայքարում քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում»։