ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պատասխանում էր 4–րդ անգամից
Վարչական դատարանում քննվում էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետարանի: Հայցվոր կողմը հրաժարվեց իր հայցադիմումի առաջին կետից, քանի որ իրենց պահանջած տեղեկատվությունը պատասխանող կողմը տրամադրել էր նախնական դատական քննության ավարտից հետո:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» գտնում է, որ Հրազդանի քաղաքապետը խախտել է իրենց տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ պահանջում է քաղաքապետին վարչական տույժի ենթարկել՝ 50.000 դրամ տուգանքի չափով եւ պարտադրել ավագանու եւ քաղաքապետի որոշումները փակցնել քաղաքապետարանի վարչական շենքում:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը կարեւորում է հատկապես դրամական տուգանքը. «Մինչեւ քաղաքապետերն ու թաղապետերը իրենց գրպանից չվճարեն, նրանք շարունակելու են խախտել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը»,- կարծում է Շուշան Դոյդոյանը:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ, Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության ղեկավար Ռադիկ Հարությունյանի շնորհիվ դատական նիստը տեւեց 2.5 ժամ: Վերջինս ռեպլիկներ էր անում հայցվորի հայտարարությունների վերաբերյալ, հաճախակի ընդհատում էր դատավոր Քրիստինե Մկոյանին, իսկ իրեն ուղղված հարցերին պատասխանում միայն այն ժամանակ, երբ դատավորը արդեն 4-րդ անգամ պարզաբանում էր հարցը: Դատավորը ողջ նիստի ընթացքում փաստաբանին համոզում, խնդրում եւ պահանջում էր ցածր խոսել, սակայն Ռադիկ Հարությունյանը շարունակում էր գոռալ՝ պատճառաբանելով, որ իր ձայնի տոնն այդպիսին է:
Փաստաբան Ռադիկ Հարությունյանը նախորդ դատական նիստի ժամանակ նույնպես հուզված էր, սակայն այսօր հուզմունքը կրկնապատկվել էր, թերեւս այն պատճառով, որ Հրազդանի քաղաքապետարանի լրատվական վարչության օպերատորը նկարահանում էր ողջ դատական նիստը:
Դատավորը խոստացել է վճիռը հրապարակել նոյեմբերի 25-ին։
