ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նվազագույն աշխատավարձը կդառնա 30 հազար դրամ
«Սա նախաձեռնություն է հիվանդ մարդուն բամբակով ջուր տալու մասին»,- այսպես գնահատեց ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, Հայաստանում նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից 25 հազարի փոխարեն 30 հազար սահմանելու կառավարության կողմից ներկայացված օրինագիծը: Նրա խոսքով, ձևի տեսանկյունից կատարվում է դրական քայլ, քանի որ բարձրանում է նվազագույն աշխատավարձը, սակայն բովանդակության տեսանկյունից, այս նախաձեռնությունը վկայում է, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը շատ բարձր է:
«30 հազարը, դա մարզերից Երևան գործուղված մարդու մեկ օրվա օրապահիկն է, գիշերավարձը հետը»,- կարծիք հայտնեց Վ. Դալլաքյանն ու հավելեց, որ նմանատիպ օրինագծերը պետք է քննարկվեն Սահմանադրության այն դրույթի շրջանակներում, ըստ որի Հայաստանը սոցիալական պետություն է:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն իր հերթին նշեց. «Բոլոր դեպքերում 25 հազարը 30 հազարից լավ է: Շատ ավելի լավ է հիվանդին բամբակով ջուր տալ, քան ընդհանրապես ջուր չտալ»:
Այնուհետև անդրադառնալով օրինագիծը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Արայիկ Պետրոսյանի այն տեսակետին, թե ներկա պայմաններում պետության հնարավորություններն այդքան են, Վ. Դալլաքյանը նշեց. «Միջազգային կազմակերպությունների հաշվարկներով միայն բենզինի դիզվառելիքի, ալյուրի, հացահատիկի և ծխախոտի ներկրումներից ստացված ստվերային միջոցները միասին կազմում են ավելի քան 500 միլիոն դոլար: Այսինքն այդքան միջոցներ պետությունից գողանում են: Ահա այն տեղը, որտեղից կարելի է համապատասխան միջոցներ գտնել»: Նրա խոսքով, Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է 65-70 տոկոս, այսինքն 3 միլիարդանոց բյուջեի 70 տոկոսը ստվերային միջոցներն են, որոնք նույնպես խնդիրը լուծելու հնարավորություններ կարող են տալ:
«Ցավոք, Հայաստանն այն երկրներից է, որտեղ առօրեական խնդիրները լուծելու համար քաղաքական կամք է պետք: Նորմալ երկրներում արդար, նորմալ ընտրություններ ացկացնելու կամ կոռուպցիայի դեմ պայքարի համար քաղաքական կամք չի պահանջվում»,- կարծիք հայտնեց Վ. Դալլաքյանն ու ընդգծեց, որ 114 հազար հաշմանդամ ու 530 հազար թոշակառու ունեցող երկրում նվազագույն աշխատավարձը 5 հազարով ավելացնելով ոչ մի խնդիր չի լուծվելու:
Նշենք, որ ըստ օրինագիծը ներկայացնող Արայիկ Պետրոսյանի, կառավարության ծրագրով նախատեսվում է, որ 2009 թվականին նվազագույն աշխատավարձը կսահմանվի 30 հազար, 2010-ին` 37 հազար, իսկ 2011-ին` 41 հազար դրամ:
