Մ. Սաղաթելյանի գործով բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան

«Մարտի 1-ի» գործով դատապարտյալ Մուշեղ Սաղաթելյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել, որով իրենք դեմ են արտահայտվում Երևանի քրեական դատարանի հոկտեմբերի 23-ի դատավճռին: Հիշեցնենք, որ այդ դատավճռի համաձայն Մուշեղ Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» և 235-րդ հոդվածի 4-րդ մասով «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» նախատեսված հանցանքներ կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով և տուգանքի` 900.000 ՀՀ դրամի չափով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունից: