ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բռնագանձվել է 5.9 միլիարդ դրամ
2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից փաստացի բռնագանձվել է 5 միլիարդ 980 միլիոն դրամ, հայտարարել է ԴԱՀԿ ծառայության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը:
Նշված ժամանակաշրջանում լուծվել են շուրջ 17 միլիարդ դրամ բռնագանձման ենթակա գումարով բազմաթիվ կատարողական վարույթների ընթացքներ։ Ընդհանուր ծավալում մեծ է իրավաբանական անձանց օգտին բռնագանձված գումարի չափը` 3 միլիարդ 284 միլիոն դրամ։ Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 1 միլիարդ 190 միլիոն դրամ, ֆիզիկական անձանց օգտին` 1,5 միլիարդ դրամ։ 2008 թվականի առաջի 10 ամիսների ընթացքում հարուցվել եւ նախորդ տարիներից տեղափոխվել է ընդհանուր առմամբ 72 838 կատարողական վարույթ 41 միլիարդ 793 միլիոն դրամի բռնագանձման պահանջով։ Նոյեմբերի 1-ի դրությամբ 2008 թվականի հունվարի 1-ի համեմատությամբ վարույթների քանակը կրճատվել է 4,6 հազարով, իսկ բռնագանձման ենթակա գումարի կտրվածքով` 5 միլիարդ դրամով։
ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ևս մեկ անգամ նախազգուշարել է, որ դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում ծառայությունը իրեն վերապահված գործառույթները իրականացնելու է հետևողականորեն և օրենքի ողջ խստությամբ։
