ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պայքար ծխելու դեմ
Այսօր կայացել է «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի «Ծխախոտի դեմ պայքարի ռազմավարական պլանավորում» խորագրով 3-րդ համաժողովը, ուր արձանագրվել է, որ 2007 թվականին կատարված ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում ծխում է տղամարդկանց 55, կանանց 2.5 տոկոսը։
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևանում ծխող կանանց թիվն ավելի մեծ է և հասնում է մոտ 8 տոկոսի, իսկ մարզերում հակառակ պատկերն է։ Կան գյուղական շրջաններ, որտեղ կանանց 0.1 տոկոսն է ծխում։ «Ութ տոկոսը քիչ չէ Հայաստանի համար, դա բարձր ցուցանիշ է, ավելին, նախորդ ուսումնասիրության համեմատ ավելացել է ծխող կանանց թիվը« հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանը։
Տղամարդկանց մոտ որոշակի տեղաշարժ կա ծխելը թողնելու առումով, դա հիմնականում վերաբերվում է 45-ից բարձր տղամարդկանց, այն էլ, եթե ունեն առողջական խնդիրներ, երբ ստիպված են թողնել ծխելը։ Առողջապահության նախարարությունը լուրջ աշխատանքներ է կատարում ծխելու դեմ պայքարի ուղղությամբ, կազմակերպվում են հանդիպումներ բնակիչների հետ, քննարկումներ, քարոզչական ծրագրեր։ Հեռուստատեսությամբ չի գովազդվում ծխախոտը, փողոցներում չկան նաև գովազադային պաստառներ, սակայն դեռ ցանկալի արդյունք չի արձանագրվել։ Անհրաժեշտ է վերհանել խնդիրները, որոնք խոչընդոտում են ծխելու դեմ պայքարին։
