Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների խնդիրների վարչության պետ Ջեմա Բաղդասարյանը այսօր հայտարարել է, որ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվի հաշմանդամների իրավունքների պաշտպանության ավանդական դարձած միամսյակը: «Արդեն երեք տարի շարունակ Հայաստանում հայտարարվում է հաշմանդամների իրավունքների միամսյակ։ Այս տարի միջացառումը տարբերվում է նրանով, որ դրան մասնակցում են ոչ միայն նախարարությունը և հասարակական կազմակերպությունները, այլ նաև Ազգային հանձնաժողովը, որը նույնպես զբաղվում է հաշմանդամների խնդիրներով»,- հայտարարել է Ջեմմա Բաղդասարյանը:

Միամսյակի կազմակերպիչն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հաշմանդամների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի աջակցությամբ։ Հանձնաժողովում ընդգրկված են մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Հույսի կամուրջ», «Ունիսոն», «Փարոս» ՀԿ-ները

«Միամսյակի անցկացման հիմնական նպատակը հասարակության մեջ հաշմանդամների խնդիրներին վերաբերող իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: Միամսյակի շրջանակներում նախատեսված է մի շարք միջոցառումների անցկացում: Մասնավորապես. հասարակությունում իրազեկվածության մակարդակի բարձրացման համար կկազմակերպվեն քննարկումներ, կլոր սեղաններ այդ թեմայով, ինչպես նաև ֆիլմերի ցուցադրումներ հայկական հեռուստաալիքներով, կանցկացվի ցուցահանդես, որին կմասնակցեն հաշմանդամների խնդիրներով զբազվող բոլոր հասարակական կազմակերպություններն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Ցուցահանդեսի ընթացքում մենք կփորձենք հասարակությանը ներկայացնել մեր ձեռքբերումները, ինչպես նաև հետագա քայլերն այդ ոլորտում: Հաշմանդամների մի շարք խնդիրների լուծման մեջ մենք կարող ենք հաջողության հասնել շնորհիվ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի, սակայն, այդ հարցերում մեծ դեր է խաղում ինքը հասարակությունը: Նաեւ կամփոփվեն նաև Երևանում անցկացվող «Մատչելի համայնք» մրցույթի արդյունքները»,- տեղեկացրել է Ջեմմա Բաղդասարյանը:

2009 թվականին կընդունվի հաշմանդամների խնդիրներին վերաբերող նոր օրենք, իսկ կառավարության ներկայացուցիչը կոչ է անում մեծ ուշադրություն դարձնել հաշմանդամների խնդիրներին: