ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Վճռականապես մեկընդմիշտ բացառենք հայրենի հողը հանձնելու ցանկացած մտադրություն»
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության մի շարք անդամների նախաձեռնությամբ ստեղծված «Միացում» ազգային քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ազատագրված տարածքների վերաբերյալ հայտարարություն է տարածել:
«Սիրելի հայրենակիցներ,
2008թ. առաջին ամիսներին Հայաստանն ու հայությունը ականատես եղավ 1995-ից սկիզբ առած խայտառակ ընտրությունների հերթական ամոթալի դրսևորմանը և դրա դեմ արտահայտվող ժողովրդական բողոքի արյունալի ճնշմանը, որոնցից, իրենց բովանդակ բացասական հետևանքներով, խորապես տուժեցին և պետությունը, և հանրությունը, և յուրաքանչյուր պետության կայունության հիմք հանդիսացող ժողովուրդ-իշխանություն համերաշխությունը։
2008թ. վերջին ամիսները և 2009թ.-ը ավելի մեծ վտանգով են սպառնում Հայաստանին և հայությանը։ Վրաց-օսական և վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի, ինչպես նաև ընդհանրապես ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացման հետևանքով Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան մրցարշավի են դուրս եկել` Ղարաբաղյան հակամարտությունը յուրաքանչյուրը հօգուտ իր ռազմավարական շահերին ծառայեցնելու նպատակով։ Բոլոր «միջնորդությունների» և «հակամարտությունը կարգավորելու» ուղղությամբ կատարվող «օգնությունների» առանցքը հայկական ուժերի կողմից ազատագրված տարածքների հանձնումն ու այդ տարածքներում օտար ուժերի տեղակայումն է։ Ամենասարսափելին այն է, որ ՀՀ իշխանությունները սկզբունքորեն համաձայն են հանձնմանը և այդ առնչությամբ Ադրբեջանի հետ նրանց տարակարծությունները վերաբերում են մանրամասնություններին և տեխնիկական բնույթի հարցերին, մինչդեռ բուն Ղարաբաղի` Ադրբեջանից անկախանալն ապագայում իրավականորեն երաշխավորվելու պարագայում նրանք պատրաստ են ազատագրված տարածքները հանձնել գրեթե ամբողջությամբ։
Միանշանակ է, որ հերթական անգամ, ու գուցե այսօր նախորդներից ավելի մեծ հավանականությամբ, գտնվում ենք մեր ազգի ու պետության անվտանգությունը սասանող պարտվողական համաձայնագրի կնքմանը ականատես լինելու շեմին։
Արցախյան գոյամարտի ընթացքում մեր ժողովրդի հերոս զավակների արյան գնով ազատագրված տարածքները մեր հայրենիքի անօտարելի մասն են։ Նրանք մեր ժողովրդի համար ունեն պատմական արդարությունը վերահաստատելու սկզբունքային նշանակություն։ Այդ տարածքները հայկական էթնոսի պատմական ծագումնաբանության արեալի անբաժանելի մասն են։ Ազաատագրված հողերի այդ գոտին ազգի ու պետության համար ունի գոյութենական նշանակություն, որովհետև արևելյան սահմանների անվտանգությունը ապահովող միակ երաշխիքն են։ Այդ տարածքների ազատագրումը հայոց վերջին հազարամյակի պատմության մեջ շրջադարձային նշանակություն ունի այն առումով, որ հազարամյա տևական նահանջից ու կորուստներից հետո հայկական ոգու վերելքի արդյունքում այն սեփական հողի վերատիրացման առաջին և առայժմ միակ փաստն է։
Վճռականապես մեկընդմիշտ բացառենք հայրենի հողը հանձնելու ցանկացած մտադրություն։ Վերջնականապես փակենք ազատագրված հայրենի տարածքների հանձնման առանցքի շուրջ ձևավորված ավելի քան 15-ամյա ամոթալի պարտվողական դիվանագիտության էջը, դիվանագիտություն և զուգահեռ ընթացող ներքին քարոզչություն, որոնց նպատակներից մեկը եղել է վճռական պահին մեր ժողովրդին հոգեբանորեն նախապատրաստել լուռ համակերպման»:
