Փորձում են գենդերային հավասարություն ապահովել

Այսօր Երեւանում կայացած «Հասարակական շարժումը երրորդ հազարամյակի հեռանկարում. նոր մարտահրավերներ, առաջնայնություններ և ռազմավարություն» թեմայով քննարկման ժամանակ արձանագրվել է, որ Հայաստանի կառավարությունն առաջին անգամ իր 2008-2012 թվականների գործունեության ծրագրում պարտավորվեց գենդերային իրավահավասարություն ապահովել պետության քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում:

«Ես կարծում եմ, որ պետությունը փոխում է դիրքորոշումը հասարակությունում՝ կանանց վիճակի լավացումից դեպի գենդերային հավասարության հասնելը, քանի որ այդ ուղղությունն ավելի ժամանակակից է։ Կառավարության քաղաքականության տեսանկյան փոփոխությունը հիմք և որոշոկի վստահություն է տալիս, որ ինչ որ բան կարող է փոխվել, այն է՝ կանանց և տղամարդկանց ներկայացվածությունը կարող է հավասարակշռված լինել իշխանության բոլոր կառույցներում: Բարձրացնելով իր քաղաքական պատասխանատվությունը՝ հայ կանայք կարող են աջակցել երկրում ժողովրդավարության հետագա զարգացմանը: Կանայք աշխատում են նաև կառավարման կառույցներում. դա կրթությունն է, իրավապաշտպանությունը, և, վերջապես, միջին կառավարման խավը։ Եթե խոսենք կառավարման կառույցում կնոջ մասնակցության մասին, ապա նրանք կարծես տանկի թրթուրն են. նրանք ամենուր առաջատար են, ուղղորդող են, ուղղող են, բայց խնդիր է ծագում քաղաքական կյանքում մասնակցության հետ կապված Քաղաքականության մեջ կանանց մասնակցությունը ցածր է մնում՝ 8 տոկոս։ Հայաստանի գործող խորհրդարանում 131 պատգամավորից 11-ը կանայք են »,- հայտարարել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմա Հասրաթյանը:

Հայաստանի կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագրի հիմքում մի շարք առանցքային դրույթներ են՝ օպերատիվություն և անվտանգություն արագ փոփոխվող աշխարհում, գիտելիքի վրա հիմնված հասարակություն և տնտեսություն, հոգևոր և մշակութային արժեքների պահպանում, ժամանակակից մարդու ազատությունների ապահովում։

Հասրաթյանի խոսքերով, այսօր կանայք Հայաստանի բնակչության 52 տոկոսն են կազմում և բարձրագույն կրթություն ունեցող անձանց ընդհանուր թվի 60 տոկոսը։